Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանի նկատմամբ երկամսյա կալանք սահմանվեց


Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը հուլիսի 3-ին բավարարեց նախաքննության մարմնի միջնորդությունը «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին 2008 թվականի փետրվարի 26-ին նույն դատարանի կայացրած որոշումը վերահաստատելու վերաբերյալ:

Ըստ այդմ, Փաշինյանի նկատմամբ երկամսյա կալանք կկիրառվի: Նիկոլ Փաշինյանի շահերի պաշտպան Արա Զաքարյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ պատրաստվում են դատարանի որոշումը վիճարկել։

Պաշտպանը փոխանցեց, որ դատարանում հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ, քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը և նույն ծառայության քննիչ Վաղինակ Մկրտչյանը դատարանում պնդել են հետեւյալը. - «2008 թվականի փետրվարի 26-ի որոշման համաձայն Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կալանք կիրառելու անհրաժեշտությունը պատճառաբանված է նրանով, որ նա թաքնվում է վարույթ իրականացնող մարմնից»։

Դատարանում պաշտպանական կողմի ներկայացրած հիմնական առարկությունն այն էր, որ Նիկոլ Փաշինյանը իրավապահ մարմիններին կամովին ներկայանալով ապացուցել է, որ վարույթն իրականացնող մարմնից չի թաքնվում։

«Այն պահից, որ պահից Նիկոլ Փաշինյանը կամովին ներկայացավ վարույթ իրականացնող մարմին, այդ պահից սկսած վերացավ այդ հիմքը», - իրենց փաստարկը մեկնաբանեց Արա Զաքարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG