Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի գործող նախագահը լավատես է Ղարաբաղյան բանակցությունների հարցում


Նորա Բակոյանիսը եւ Էդվարդ Նալբանդյանը համատեղ ասուլիսի ժամանակ:
Նորա Բակոյանիսը եւ Էդվարդ Նալբանդյանը համատեղ ասուլիսի ժամանակ:

Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, Հունաստանի արտգործնախարար Դորա Բակոյանիսը ուրբաթ օրը Երեւանում իր լավատեսությունն է հնչեցրել Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման բանակցությունների կապակցությամբ՝ նշելով, թե դրանք այժմ «վճռական հանգրվանում են»:

«Ավելի քան մեկ տարի է, ինչ Հայաստանն ու Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով եւ կառուցողական դիրքերից մասնակցում են բանակցային նոր փուլին, ինչը լավատեսություն է ներշնչում», - հայտարարեց Բակոյանիսը իր հայաստանցի գործընկեր էդվարդ նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսում:

«Բանակցություններն այժմ վճռական հանգրվանում են, եւ ես քաջալերված եմ կողմերի քաղաքական կամքով, ինչպես նաեւ այս խնդրում դրական արդյունքների ապահովմանը միտված` Մինսկի խմբի հանձնառությամբ», - հավելեց Հունաստանի արտգործնախարարը:

Նրա խոսքով, Հարավային Կովկասում կայունություն հաստատելու առումով «կարեւոր երկիր» հանդիսացող Հայաստանը շարունակում է քաղաքական բարեփոխումների իրականացումը երկրի ներսում, ինչպես նաեւ «շատ զգայուն» երկխոսություն է սկսել Թուրքիայի հետ. - «Այս խնդրում Հայաստանը ցուցադրում է այնպիսի հասունություն եւ ինքնավստահություն, ինչը հաճախ բացակայում է շատ ավելի մեծ եւ շատ ավելի հզոր երկրների պարագայում»։

ԵԱՀԿ-ի գործող նախագահը նաեւ լավատեսություն հայտնեց Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ առաջիկայում Մոսկվայում կայանալիք հանդիպման առնչությամբ՝ նշելով, թե «հույս ունի, որ դրա արդյունքում որոշակի առաջընթաց կգրանցվի»:

Հունաստանի հանրային հեռուստատեսության թղթակցի հարցն ուղղված էր Էդվարդ Նալբանդյանին՝ ի՞նչ ակնկալիքներ ունեք հայ-թուրքական բանակցություններից եւ արդյո՞ք Հայոց ցեղասպանության ճանաչմանն առնչվող խնդիրները չեն խոչընդոտում այդ բանակցությունները։

Նալբանդյանը արձագանքեց. - «Մենք եկել ենք որոշ պայմանավորվածությունների՝ կարգավորել հարաբերությունները, բացել սահմանները՝ առանց որեւէ նախապայմանի»:

Հայաստանի արտգործնախարարը նախ հիշեցրեց, թե Թուրքիան ոչ վաղ անցյալում ինչպիսի նախադրյալներ էր առաջադրում Հայաստանին. - «Մեկը՝ կապված Ղարաբաղի հարցի հանգուցալուծման հետ, մյուսը՝ Ցեղասպանության ճանաչման գործընթացի հետ»:

«Երբ սկսել ենք բանակցությունները», - շարունակեց նախարարը, - «երբ վարել ենք բանակցությունները, եկել ենք համաձայնության, որ առանց նախապայմանների ենք գնում այս հարաբերությունների կարգավորմանը եւ սահմանների բացմանը»:

Ասուլիսից հետո Դորա Բակոյանիսի եւ Էդվարդ Նալբանդյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Երեւանում ԵԱՀԿ-ի նոր գրասենյակի բացման հանդիսավոր արարողությունը:


ԵԱՀԿ-ի գործող նախագահին այսօր ընդունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Սարգսյանը հանդիպման ընթացքում, մասնավորապես, ասել է, որ «Հայաստանը հաստատակամ է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում»: Ընդգծել է, որ «Մինկսի խմբի համանախագահների ջանքերի արդյունքում ադրբեջանական կողմը վերջին ժամանակներս սկսել է ավելի հազվադեպ խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ռազմական ճանապարհի մասին»:

Հայաստանի նախագահը, այդուհանդերձ, հավելել է, թե գոհ չէ բանակցությունների ընթացքից. - «Ադրբեջանական կողմը փորձում է ձեւախեղել ինչպես բանակցությունների ընթացքը, այնպես էլ բուն հակամարտության էությունը»:


Այսօր ավելի ուշ Դորա Բակոյանիսը հանդիպում է ունեցել նաեւ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG