Մատչելիության հղումներ

Հայաստանի պատվիրակները գոհ են Մոսկովյան կինոփառատոնին իրենց մասնակցությունից


Հայաստանցի կինոգործիչները, ովքեր երեկ են վերադարձել Մոսկովյան միջազգային փառատոնից, չնայած մրցանակներ չեն շահել, բայց գոհ են մասնակցության արդյունքներից:

Անկախության տարիներից ի վեր առաջին անգամ տեղի է ունեցել հայ կինոռեժիսորի` Հարություն Խաչատրյանի 7 ֆիլմերի հետահայաց ցուցադրություն, որը շատ ջերմ ընդունելության է արժանացել: Նույնպես առաջին անգամ մոսկովյան կինոփառատոնի մրցութային ծրագրում ցուցադրվել է հայ կինոռեժիսորի` Հովհաննես Գալստյանի նկարահանած «Խճճված զուգահեռներ» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը:

Լրագրողների հետ հանդիպմանը Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը հավելեց, որ հայ ռեժիսոր Արսեն Ազատյանի ֆիլմն էլ ցուցադրվել է արտամրցութային ծրագրում:

«Նույն ժամանակահատվածում նաեւ Սանկտ Պետերբուրգում` «Ուղերձ մարդուն» փառատոնին մասնակցում էր մեր ֆիլմը՝ Արմեն Ռոնովի «Աննա Կարենինա» ֆիլմը՝ մրցութային ծրագրում», - ասաց Գեւորգյանը՝ հավելելով որ Արմեն Ռոնովի (Մկրտչյանի) ֆիլմ արժանացել է հատուկ մրցանակի եւ դիպլոմի:

Մոսկովյան կինոփառատոնին ցուցադրված Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» ֆիլմը թեեւ չի արժանացել մրցանակի, բայց ընդգրկվել է Մոսկվայում առաջիկա 2 ամիսներին ցուցադրվելիք ֆիլմերի շարքում:

«Խորհրդային Միության փլուզումից հետո մենք պրոկատ չենք ունեցել: Եվ մենք հիմա մտնում ենք ռուսական շուկան», - ասաց ֆիլմի ռեժիսորը: - «Երկու ամիս ֆիլմը ցուցադրվելու է Մոսկվայում, ինչից հետո գնալու է պրովինցիա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG