Մատչելիության հղումներ

Մարզերից Երեւան բերող երթուղային տաքսիները կրկին անկանոն են աշխատում


Հուլիսի 2-ին՝ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի նախատեսած հանրահավաքի օրը, առավոտից Կոտայքի մարզի Նոր Հաճն, Նոր Գեղի, Լուսակերտ եւ Աբովյան քաղաքների ուղեւորները կանգառներում ժամերով սպասում էին դեպի Երեւան տանող երթուղային միկրոավտոբուսներին։

Հավաքվածներից մեկը մեկնաբանեց երթուղայինների ուշացման պատճառը. - «Ցույց է, ասում են, չգիտեմ»։

«Տեղյակ եմ պահել աշխատանքի վայրում, որ չեմ կարող գալ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց մի կին։

Ուսանողները դժգոհում էին, թե երթուղային չլինելու պատճառով իրենք ուշանում են քննություններից, ստուգարքներից։

Աբովյանից Երեւան տանող ճանապարհին կանգնած ոստիկանները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, ասացին, որ Աբովյանում «ծանր դեպքեր են գրանցվել», ինչի հետ կապված իրենք վաղ առավոտից ծառայություն են իրականացնում։ Խնդրանքին՝ պարզաբանել կոնկրետ ի՞նչ «ծանր դեպքերի» մասին է խոսքը, ոստիկանները խուսափողական պատասխան տվեցին. - «Կոնկրետ հանցագործություն չի տեղի ունեցել հենց այսօր կամ երեկ։ Հանցագործությունները տեղի են ունեցել ընդհանուր տարվա ընթացքում»։

Երթուղայինի սպասող ուղեւորները խնդրանքով դիմեցին իշխանություններին. - «Մի՞թե չկան այդ վերին ատյաններում մարդիկ, որոնք լրջորեն կզբաղվեն այս հարցով, որ ամեն անգամ, հունվարից սկսած, մենք այս իրավիճակում չհայտնվենք։

Պատկերը նույնն է նաեւ հանրապետության մյուս մարզերում։ Փակ են, մասնավորապես, Վանաձորից, Մարալիկից, Ձորակապից Երեւան բերող ճանապարհները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG