Մատչելիության հղումներ

Հուլիսի 2-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիրը, անդրադառնալով նախորդ օրը Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության հրապարակած տարեկան զեկույցին, որում Հայաստանը կրկին դասվել է կիսաավտորիտար երկրների շարքում, նկատում է. - «Ամեն մի նման զեկույցից հետո հայկական, ռուսական կամ ղրղըզական Գալուստ Գրիգորիչները բազմանշանակ ժպտում են եւ ասում. - «Դե պարզ է` արեւմտյան երկրներն ունեն իրենց շահերը, դրա համար էլ նման զեկույցներ են գրում»: Սեփական արատները դավադրության տեսությամբ բացատրելը մեկից մեկ է»:

«Գոլոս Արմենիի»-ին գրում է. - «Անկախ նրանից՝ այսօրվա միտինգից հետո իրադարձությունները կզարգանան բուռն կերպով, թե ամառային քաղաքական սեզոնը կլինի ավանդական-մեռյալ, ընդդիմադիր թեւում հետագա գլոբալ պրոցեսները թերեւս կզարգանան ամենաաննպաստ սցենարով: Իսկ դա նշանակում է, որ ընդդիմադիր քաղաքական հատվածը ընդհուպ մինչեւ 2012 թվականի հաջորդ ընտրությունները (իսկ արտահերթ ընտրությունների հավանականությունը չնչին է) պրակտիկորեն ուզուրպացված կլինի լեւոնական կոնգրեսի կողմից: Այս հատվածում հհշամետ ուժերի բացարձակ գերակայությունը ոչ ոքի մոտ կասկած չի հարուցում: Ամեն դեպքում ուժերից որեւէ մեկը այս հատվածում կոնգրեսին նեղելու փորձ չի ձեռնարկում: «Ժառանգություն»-ը այնքան է արժեզրկվել, որ կարող է միտում ունենալ միայն ամենազվարճալի ուժի դերակատարի, ՀՅԴ-ն շեշտը չի դնում զանգվածայնության վրա, իսկ այն ուժերը, որոնք 1998-ին հանդես էին գալիս իշխանության քաղաքական գնահատականով՝ որպես հակազգայինի, խիստ ցաքուցրիվ են եւ նախընտրում են լուռ մնալ, որպեսզի չընկնեն հհշական ագիտպրոպի մամլիչի տակ»:

Նույն թեմայով «Ժամանակ»-ը գրում է. - «Խնդիրն այն է, որ այժմ մի աներեւույթ քարոզչական կենտրոն կարծես թե փորձում է ներկայացնել մի իրավիճակ, որ եթե ընդդիմադիր դաշտում ՀՅԴ - ՀԱԿ - «Ժառանգություն» համագործակցությունը կայացավ, ամեն ինչ կլինի աննախադեպ լավ, իսկ եթե այդ համագործակցությունը չկայացավ, ապա ամեն ինչ կլինի աննախադեպ վատ. ընդդիմադիր շարժումը կմեռնի, կփոշիանա, կանհետանա, հասարակությունը հույսը կկտրի ընդդիմությունից, եւ իշխանությունն էլ ձեռք կբերի հավերժություն: Եվ ահա այժմ, երբ ինչ-որ մտահղացման շնորհիվ փորձ է արվում այդ գաղափարը դարձնել ընդդիմության լինել-չլինելու հարց, այսպիսով փաստացի կարելի է ասել, որ փորձ է արվում ականապատել հանրային պայքարի դաշտը: Իսկ ականը կլինի եռակողմ ձեւաչափի տապալմանն ուղղված որեւէ քայլ, որ միանգամայն հնարավոր է՝ եթե հաշվի առնենք, որ Դաշնակցությունն ընկնում է պարբերական տվայտանքների մեջ եւ ինչպես որ փորձում է ապացուցել մոլի ընդդիմություն լինելը, այդպես էլ շատ հաճախ փորձում է ապացուցել նույնիսկ կառուցողական ընդդիմություն չլինելը»:

Թեման շարունակում է «Չորրորդ իշխանություն»-ը. - «Վերջին շաբաթներին հայաստանյան հասարակությունում բավականաչափ ակտիվորեն քննարկվում է ընդդիմադիր ճամբարում Դաշնակցություն դերի հարցը: Դաշնակցականները մերժում են Հայաստանի առաջին նախագահի առաջարկը եւ նախընտրում միայնակ լողալ ընդդիմադիր հոսանքներում: Ավելին՝ դաշնակցականները գտնում են, որ մեր երկիրը դեռեւս պատրաստ չէ ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու, եւ որ իրենց կուսակցության հիմնական ջանքերը պետք է ուղղվեն մեր հասարակությանը ազատ ընտրությունների առավելությունները բացատրելուն: Ամենայն հավանականությամբ, դաշնակցական ընկերները անկեղծորեն կարծում են, որ վերջին 10 տարվա անազատ, անարդար եւ ոչ թափանցիկ ընտրությունների միակ մեղավորը հարազատ ընտրազանգվածն է: Այս դիրքորոշումը լիովին հասկանալի է: Չէ՞ որ վերջին 10 տարվա ընտրությունների հաղթողներից էր նաեւ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը: Խոստովանել, որ ընտրությունները անցել են խախտումներով՝ նշանակում է խոստովանել սեփական մեղքը, իսկ դրան դաշնակցականները պատրաստ չէին ո'չ հարյուր տարի առաջ, ո'չ այսօր, ո'չ էլ հարյուր տարի հետո»:

«Հրապարակ»-ին հարցազրույց է տվել «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, Ազգային ժողովի պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա ասում է. - «Գիտակցենք, որ մենք Թուրքիայի որդեգրած պահվածքը հակակշռելու կարելիություններ ունենք: Փոքրիկ նկատառում. ինքս կհավատամ, օրինակ, որ եթե առաջիկա ժամանակահատվածում, օգտվելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում իր անդամությունից, Թուրքիան փորձի օժանդակել Ադրբեջանին եւ ինքն իրեն՝ ղարաբաղյան խնդրի կարգավորումը կամ արծարծումը որեւէ կերպ ՄԱԿ տեղափոխի կամ էլ օգտագործի «բռնազավթված տարածքներ» բառաձեւը՝ Թուրքիա – Հայաստան հարաբերությունները պայմանավորելու նպատակով, մենք էլ մեր քայլը պիտի կատարենք: Միավորված ազգերի կազմակերպության իրավանախորդ կառույցը եղել է Ազգերի լիգան: Վերսալյան վեհաժողովից եւ Ազգերի լիգայից ածանցվող որեւէ միջազգային դաշնագիր կամ որոշում, այդ թվում՝ Սեւրի դաշնագիրը եւ դրա հիման վրա Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած իրավարար վճիռները շատ ավելի զորեղ իրավաբանական ուժ ունեն, քան, օրինակ, Խորհրդային Հայաստանի սահմանները հաստատած
Կարսի քեմալաբոլշեւիկյան պայմանագիրը»:

«Հայոց Աշխարհ»-ին տված հարցազրույցում մարտի 1-2-ի իրադարձությունները ուսումնասիրող ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը ասում է. - «Մի քանի անգամ ասել եմ՝ հանձնաժողովը ունի բավարար նյութ իր առջեւ դրված խնդիրներից գոնե երկուսի մասով եզրակացություն կազմելու համար բնականաբար, օգտագործելով նաեւ Փաստահավաք խմբի կամ նրա առանձին անդամների կողմից տրամադրված նյութերը։ Միակ խնդիրը, որի վերաբերյալ հանձնաժողովը չի կարող այսօր սպառիչ պատասխան տալ, մահվան դեպքերի հանգամանքների ուսումնասիրության հետ կապված հարցերն են։ Խոսքը վերաբերում է ոչ միայն հանգամանքներին, որոնց հետեւանքով մարդիկ են զոհվել՝ այդ ամենը պարզաբանված է, այլեւ կոնկրետ մահվան դեպքերին՝ ում գործողություններն են մահվան կամ սպանությունների պատճառ դարձել։ Սրանք հարցեր են, որ դեռեւս չեն պարզաբանվել, բայց դրանց բացահայտումը հանձնաժողովի գործառույթների մեջ չի մտնում։ Դրա համար կա նախաքննական մարմին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG