Մատչելիության հղումներ

Լեւոն Զուրաբյան. «Մենք աստիճանաբար կոտրում ենք վախի մթնոլորտը»


Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լեւոն Զուրաբյանի համոզմամբ, համաներմամբ կալանավայրերից ընդդիմադիր գործիչների ազատ արձակումից հետո ընդդիմադիր շարժումը նոր թափ կստանա:

Հինգշաբթի օրը Մատենադարանի մոտ անցկացվելիք հանրահավաքում նաեւ ազատ արձակվածներն են ելույթ ունենալու:

Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը, ինչպես հայտնի է, սեպտեմբերի 18-ին էր հրավիրված, բայց Զուրաբյանի բնորոշմամբ՝ երեք տասնյակ քաղբանտարկյալների ազատ արձակումը փոխել է ներքաղաքական իրավիճակը:

«Կարծում եմ, որ տղաների ազատումը նոր լիցք կհաղորդի շարժմանը եւ նրա թափին: Ուրախալի է այն հանգամանքը, որ տղաները կարծես բանտում այդ ժամանակը անցկացնելուց հետո ոչ միայն չեն հիասթափվել կամ հուսալքվել, այլ հակառակը՝ շատ ավելի վճռական են տրամադրված», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չորեքշաբթի օրը ասաց Զուրաբյանը - «Մենք աստիճանաբար կոտրում ենք վախի մթնոլորտ երկրում: Դա շատ կարեւոր է»:

«Հունիսի 12-ի միտինգի ժամանակ ասացինք, որ դեռ շատ հարցեր կան, որոնցում պետք է պարզություն մտնի», - շարունակեց նա: - «Դրանցից մեկը քաղբանտարկյալների ազատ արձակման հարցն էր, որում որոշակի պարզություն մտավ՝ գոնե ժամանակավոր: Բայց նաեւ կան լրջագույն հարցեր, մասնավորապես, կապված արտաքին քաղաքական մարտահրավերների հետ: Մենք տեղեկություններ ունենք, որ ապագայում հնարավոր են զարգացումներ՝ կապված Ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ: Նաեւ այդ մասին կխոսվի հանրահավաքում»:

Ընդդիմությունը հանրահավաքից հետո կրկին երթ է անցկացնելու Երեւանի կենտրոնական փողոցներով, թեեւ, ի տարբերություն հանրահավաքի, երթը արտոնված չէ:

«Երթերը ընդհանրապես Հայաստանում չեն արտոնվում մարտի 1-ից սկսած», - այս կապակցությամբ ասաց Զուրաբյանը: - «Սա դարձել է անհիմն, ապօրինի պրակտիկա, որը մենք անտեսում ենք, որովհետեւ դա մեր սահմանադրական իրավունքն է»:

Նա տեղեկացրեց, որ հանրահավաքում ելույթ է ունենալու ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Ավելի ուշ Հայ ազգային կոնգրեսը տարածեց մամլո հաղորդագրություն՝ տեղեկացնելով, որ ժամը 20.00-ի սահմաններում Աբովյան փողոցում ՀԱԿ-ի` հուլիսի 2-ի հանրահավաքի իրազեկումն իրականացնող խմբի վրա է հարձակվել անհայտ անձանց մի խումբ, որոնցից ոմանք եղել են զինված». - «Փորձելով երիտասարդներից խլել բարձրախոսը եւ թռուցիկները, նրանք հարվածներ են տեղացել իրազեկողների վրա։ Արդյունքում Կոնգրեսի համակիրներ Սահակ Մուրադյանը, Հերբերթ Գեւորգյանը եւ Տիգրան Առաքելյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց»։

Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց նաեւ, որ Կոնգրեսն առայժմ պաշտոնապես չի արձագանքում ո'չ «Ժառանգության» առաջարկին, ո'չ էլ սեփական պլատֆորմով հանդես գալու՝ Դաշնակցության հայտարարություններին:

«Դեռ վաղ եմ համարում ամփոփել այս գործընթացը», - ասաց նա: - «Դաշնակցությունը ըստ էության դեռ պատասխան չի տվել, ոչ էլ պլատֆորմ է առաջարկել: Ինչ վերաբերում է «Ժառանգությանը», նրանց առաջարկը մենք կուսումնասիրենք»:

Հունիսի 12-ի հանրահավաքում ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ընդդիմադիր քաղաքական ուժերին առաջարկեց միավորվել 12 կետից բաղկացած պլատֆորմի շուրջ, հրապարակեց պլատֆորմի պահանջները, որոնցից մեկը արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների անցկացումն էր ու Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը: Շուրջ 10 օր անց «Ժառանգություն»-ը ՀԱԿ-ին եւ ՀՅԴ-ին առաջարկեց համագործակցության սեփական բանաձեւը: Հետո պարզ դարձավ, որ Դաշնակցությունն էլ իր պլատֆորմն է նախապատրաստում, բայց դեռ հայտնի չէ, թե որ քաղաքական ուժերին է առաջարկելու:

Ի դեպ, «Ժառանգության» եւ Դաշնակցության առաջարկներում իշխանափոխության պահանջ չկա: Սակայն, եթե «Ժառանգության» ղեկավարները հայտարարում են, որ իշխանափոխությունը բանաձեւի առանցքում է, եւ առանց դրա չեն կարող իրագործել իրենց նպատակները, ապա Դաշնակցութունը ներկա փուլում իշխանափոխության անհրաժեշտություն չեն տեսնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG