Մատչելիության հղումներ

Դաշնակցությունը քաղաքական ուժերին կառաջարկի սեփական պլատֆորմը


Հայ հեղափոխական դաշնակցությունը քաղաքական ուժերին կառաջարկի համագործակցության սեփական պլատֆորմը: Այդ մասին հայտարարեց կուսակցության Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Ռուստամյանը հայտնեց, որ այժմ պլատֆորմը նախապատրաստում են եւ Ղարաբաղի իշխանությունների հետ հրավիրված համատեղ համաժողովում որոշ դրույթներ քննարկելուց հետո կհրապարակեն իրենց առաջարկները. - «Մենք մերը կասենք ամբողջությամբ: Երեք հիմնական ուղղություններով` ազգային խնդիրներ, սոցիալական արդարության խնդիրներ` ընկերվարություն, եւ ժողովրդավարություն, այս բոլոր ուղղություններով մենք պատրաստում ենք մեր պլատֆորմը: Մոտ ժամանակներս` ազգային խնդիրների հետ կապված, մասնավորապես, մենք մեծ համաժողով ենք անում Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ համատեղ` Ստեփանակերտում, հուլիսի 10-11-ը: Ամբողջական տեսքի կբերվեն` այդ համաժողովի արդյունքներն էլ հաշվի առնելով, մեր պլատֆորմի այդ հատվածները, որոնք վերաբերելու են հայ - թուրքական հարաբերությունների կարգավորմանը եւ Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը»:

Հունիսի 12-ի հանրահավաքում Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը քաղաքական ուժերին առաջարկեց միավորվել 12 կետից բաղկացած պլատֆորմի շուրջ: Շուրջ տասը օր անց «Ժառանգություն» կուսակցությունը Հայ ազգային կոնգրեսին եւ Հայ հեղափոխական դաշնակցությանն առաջարկեց իր 5 կետից բաղկացած բանաձեւը, որը, Արմեն Ռուստամյանի համոզմամբ, ավելի լայն հնարավորություններ է տալիս համագործակցության. - «Այո, մենք առաջարկը ստացել են: Իհարկե, ի տարբերություն Հայ ազգային կոնգրեսի պլատֆորմի` այդ առաջարկը մի քիչ ավելի լայն հնարավորություն է տալիս եզրեր գտնելու համագործակցության, բայց մեր մոտեցումը մնում է անփոփոխ: Մենք ասել ենք, որ մենք ինքներս ենք պատրաստում մեր պլատֆորմը, եւ ճիշտ ճանապարհը դա է: Մենք պետք է նախ եւ առաջ հստակեցնենք` ինքներս ինչ ենք ուզում: ՀԱԿ-ը իրենն ասել է, հիմա «Ժառանգություն»-ը, եթե սա իր ամբողջական տեսակետն է, ասել է, մենք մերը կասենք ամբողջությամբ, շատ ավելի ամբողջական»:

Կոնգրեսի առաջարկած պլատֆորմի առանցքային դրույթներից մեկը իշխանափոխությունն է, նախագահ Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականի պահանջն ու արտահերթ ընտրությունների կազմակերպումը: «Ժառանգության» առաջարկներում արտահերթ ընտրությունների պահանջ չկա, սակայն կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանել էր, որ առանց իշխանափոխության իրենց նպատակները չեն կարող իրականացնել:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` արդյո՞ք իրեն ընդդիմություն հռչակած Դաշնակցության պլատֆորմում իշխանափոխության պահանջը ինչ-որ կերպ ամրագրվում է, կուսակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչը պատասխանեց. - «Արտահերթ ընտրությունների խնդիր, նախագահի հրաժարականի խնդիր մենք այսօր օրակարգի վրա չենք դնում: Մի շատ պարզ պատճառով. եթե մենք պատրաստ չենք ժողովրդավարական ընտրություններ անցկացնելուն, վաղն էլ անենք այդ ընտրությունները` նույն արդյունքն են տալու: Հիմա էլի պարզապես ստեղծենք մի նոր հնարավորություն մի նոր «Մարտի 1-2»-ի համա՞ր: Մեր մոտեցումը բոլորովին այլ է` պետք է իսկապես բարեփոխել ընտրական համակարգը այնպես, որ այդ համակարգի վերաբերյալ վստահելիությունը էական աճ ունենա: Ավելի լավ է` եկեք աշխատենք, այդ իրավիճակը ապահովենք, նախադրյալներ ստեղծենք` այ այդտեղ եկեք համագործակցենք բոլոր ուժերը»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե Դաշնակցությունը ո՞ր ուժերին է առաջարկելու իր պլատֆորմը, Ռուստամյանը արձագանքեց. - «Մեր մոտեցումը սա է. մեր պլատֆորմը, որը մենք հրապարակելու ենք, լինելու է նաեւ պատասխան այդ բոլոր հարցերին: Այսինքն` շատ պարզ է դառնալու, որ եթե մեր մոտեցումները այս-այս-այս խնդիրների վերաբերյալ այսպես են, եւ այդ մոտեցումները եթե չեն համապատասխանում որեւէ ուժի մոտեցումներին, ուրեմն` մենք այդտեղ անելիք չունենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG