Մատչելիության հղումներ

Սամվել Նիկոյան. «Շատ վատ է վիճակը մահվան հանգամանքների ճշտման հարցում»


Մարտի 1-2-ի իրադարձություններն ու դրանց պատճառներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, Ազգային ժողովի փոխնախագահ (ՀՀԿ) Սամվել Նիկոյանի խոսքով, հանձնաժողովում «շատ վատ է վիճակը» 10-ը զոհերի մահվան հանգամանքների ճշտման հարցում:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, նշելով, որ հանձնաժողովը բավարար փաստեր ունի անցած տարվա մարտին «տեղի ունեցած բռնությունների, ոստիկանության գործողությունների իրավաչափության եւ համաչափության, ինչպես նաեւ նման իրադարձության կրկնում բացառող քաղաքական, իրավական եւ այլ լուծումների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու համար», եւ այդ հարցերի շուրջ եզրակացությունն արդեն պատրաստվում է, Նիկոյանը հավելեց. - «Եթե մահվան հանգամանք ասելով մենք հասկանանք այն, թե ինչ է տեղի ունեցել, ինչպիսի իրադարձությունների ընթացքում, որ պարագաներում, ինչ հանգամանքներում, թերեւս կարելի է այդ ուղղությամբ եզրակացություն անել, բայց եթե խոսքը վերաբերում է՝ ով է մահ պատճառել կամ սպանություն կատարել, այդ հարցում հանձնաժողովը, ցավոք սրտի, այսպես ասեմ՝ գլուխ գովելու որեւէ առիթ չունի: Այդ հարցը նախաքննական մարմնի պարտականությունների մեջ է մտնում»:

Եվ քանի որ նախաքննություն մարմինը, այսինքն՝ Հատուկ քննչական ծառայության շրջանակներում գործող քննչական խումբը դեռեւս չի հայտարարել 10 զոհերի մասով հանցագործության մեղավորներին բացահայտելու եւ նրանց պատասխանատվության ենթարկելու մասին, ապա պարզ է, որ նրանք էլ «գլուխ գովելու տեղ չունեն»:

Նախագահ Սերժ Սարգսյանի հունիսի 6-ի կարգադրությամբ լուծարված Փաստահավաք խումբը հասցրել էր խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովին ներկայացնել միայն մեկ պաշտոնական զեկույց, որը վերաբերում է մարտի 1-ին զոհված ոստիկանության սպա Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքներին: Մնացած փաստաթղթերն ու հավաքած տեղեկությունները, որոնք լուծարված խմբի նախկին ղեկավար Վահե Ստեփանյանը ներկայացրել էր ժամանակավոր հանձնաժողովին, ոչ պաշտոնական են:

Հարցին, թե կար արդյոք տրամադրված փաստաթղթերում հանցագործության բացահայտմանը նպաստող տեղեկատվություն եւ կարող է արդյոք ժամանակավոր հանձնաժողովը դիմել նախաքննական մարմնին լրացուցիչ գործ հարուցելու առաջարկով, Սամվել Նիկոյանը արձագանքեց. - «Ժամանակավոր հանձնաժողովը կարող է դիմել նախաքննական մարմնին, ներկայացնել հիմքեր, ներկայացնել փաստեր եւ առաջարկել քրեական գործ հարուցել՝ լրացուցիչ կամ հարուցված քրեական գործի շրջանակներում այդ ուղղությամբ աշխատանքներ տանել: Բայց պետք է ինքը [հանձնաժողովը] նախ համոզված լինի: Եթե ունենանք հարցեր, որ իրենց պատասխանը չունեն, իհարկե դա կանենք, եւ այդ լիազորությունը մենք ունենք»:

«Հանձնաժողովը, իհարկե, կանդրադառնա [նրան], որ ոստիկանությունը չի ունեցել նորմատիվ իրավական ակտ, որով պետք է կարգավորվեր այդ հատուկ միջոցների կիրառումը», - հավելեց նա:

Փաստահավաք խմբին, ի դեպ, հաջողվել էր ստանալ «Չերյոմուխա – 7» հատուկ միջոցի օգտագործման «հրահանգները», ինչը ոստիկանությունը չէր տրամադրել ժամանակավոր հանձնաժողովին: Բայց այդ փաստաթուղթը, ըստ Սամվել Նիկոյանի, Հայաստանի Հանրապետությունում չի գործում 2006 թվականից. - «Սովորեցրել են ոստիկաններին, ստուգարքներ են նշանակել մի փաստաթղթով, որը չի գործում Հայաստանի Հանրապետությունում»:

Փաստահավաք խմբի պնդումներից է նաեւ, որ քրեորեն պատժելի արարք է այն, որ ոստիկանները «Չերյոմուխա-7»-ը կիրառել են բաց տարածքում: Սրան Նիկոյանը հակադարձեց՝ վկայակոչելով ռուսաստանցի փորձագետների եզրակացությունը, թե՝ չի արգելվում այդ հատուկ միջոցը կիրառել բաց տարածքում, բայց արգելվում է ուղիղ նշանառությամբ կրակել մարդկանց վրա:

Հարցին, թե կան արդյոք ապացույցներ, որ ոստիկանները ուղիղ նշանառությամբ են կրակել, Նիկոյանը արձագանքեց. - «Վիրավորները եւ զոհերը գլխի վերեւի մասից չեն: Ուրեմն այստեղից կարելի է եզրակացնել, որ մեր կարծիքով, դա կամ հորիզոնական ուղղությամբ կրակոցի արդյունքն է, կամ հետցատկի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG