Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Վրաստանը ընդգծում են «երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը»


Երկօրյա պաշտոնական այցով չորեքշաբթի օրը Հայաստան է ժամանել Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին: Սերժ Սարգսյանի ու Միխեիլ Սահակաշվիլիի բանակցությունների ընթացքում երկուստեք ընդգծվել է «երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը»:

«Երկկողմ հարաբերությունների համատեքստում հատուկ ուշադրության ենք արժանացրել տնտեսական համագործակցության խորացման եւ համատեղ նախաձեռնությունների իրականացման խնդիրները», - Վրաստանի նախագահի հետ ունեցած առանձնազրույցից ու պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումից հետո հրավիրված համատեղ ասուլիսում լրագրողներին ասաց Հայաստանի նախագահը: - «Դա, հուսով ենք, կնպաստի համաշխարհային ճգնաժամի հետեւանքները Հայաստանի եւ Վրաստանի տնտեսությունների վրա նվազեցնելու հարցում»:

Սերժ Սարգսյանը նաեւ տեղեկացրեց, որ Միխեիլ Սահակաշվիլիի հետ քննարկել են երկկողմ հարաբերությունների եւ տարածաշրջանային խնդիրների ողջ համալիրը, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ հայ-թուրքական հարաբերությունների ընթացքը: Հայաստանի նախագահը կրկին շեշտեց, որ Հայաստանի դիրքորոշումը առանց նախապայմանների կարգավորումն է:

«Հատուկ ուշադրության են արժանացել տարածաշրջանային անվտանգության խնդիրները: Հայկական կողմը նախկինում բազմիցս շեշտել է եւ մնում է այն համոզման, որ բոլոր հիմնախնդիրների լուծմանը կարելի է հասնել երկխոսության եւ համագործակցության ճանապարհով», - հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Հայաստանի եւ Վրաստանի նախագահների համատեղ մամուլի ասուլիսը: Երեւան, 24-ը հուլիսի:
Միխեիլ Սահակաշվիլին քննադատություն հնչեցրեց Ռուսաստանի հասցեին՝ իր երկրի ներքաղաքական իրավիճակն ապակայունացնելու համար, եւ միաժամանակ նշեց, թե Անդրկովկասը բաժանելու եւ տիրելու ձգտումները անընդունելի են եւ ոչ մի «արտաքին դերակատար չպետք է կարողանա մանիպուլյացիաների ենթարկել որեւէ երկիր տարածաշրջանում»:

Պատասխանելով հարցին, թե Ռուսաստանի հետ Հայաստանի եւ Վրաստանի խիստ տարբեր հարաբերությունները ինչպես են անդրադառնում հայ- վրացական հարաբերությունների վրա, արդյո՞ք խոչընդոտներ չեն ստեղծում, կամ արդյո՞ք հայ-վրացական հարաբերությունների բարելավումը չի կարող օգնել ռուս-վրացական հարաբերությունների կարգավորմանը, Սերժ Սարգսյանը ասաց. - «Մեր ազգային անվտանգությունից եւ մեր ազգային շահերից է բխում վրաց-ռուսական հարաբերությունների շուտափույթ կարգավորումը: Դրանում խորապես շահագրգռված ենք: Մենք ռազմավարական հարաբերություններ ունենք Ռուսաստանի Դաշնության հետ, Վրաստանի հետ մեզ կապում են դարավոր հարաբերությունների թելերը: Մենք մեր հարաբերությունները խորացնում ենք ե'ւ Ռուսաստանի, ե'ւ Վրաստանի հետ: Եվ դա անում ենք բաց, առանց երկմտանքի, առանց գաղտնիության շղարշի: Բաց ճակատով»:

«Եթե հայկական կողմի նման հարաբերությունները կարող են ինչ-որ չափով օժանդակել ռուս-վրացական հարաբերությունների կարգավորմանը, միայն ուրախ կլինենք», - շարունակեց Հայաստանի նախագահը: - «Բայց մենք երբեք այդպիսի խնդիր մեր առջեւ չենք դրել, եւ, կարծում եմ, մեր խնդիրը պիտի լինի մեր հարաբերությունների խորացումը: Սա անպայման մենք մշտապես պետք է հաշվի առնենք եւ հաշվի առնենք, որ Հայաստան - Ռուսաստան, Հայաստան-Վրաստան հարաբերությունների մակարդակը մեծապես ազդում է մեր տարածաշրջանում անվտանգության խնդիրների վրա»:

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարեց, որ Վրաստանը շահագրգիռ է Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների, տնտեսական համագործակցության խորացմամբ, ինչպես նաեւ պատրաստ է իր կողմից բացել Վերին Լարսի անցակետը, եւ բարելավել օդային հաղորդակցությունը:

«Մենք միշտ էլ ասել ենք, որ պատրաստ ենք բացել Վերին Լարսի անցակետը Հայաստանի բեռնատարների եւ ուղեւորների համար: Մի քանի կիլոմետր ճանապարհ վնասված է, սկսել ենք վերականգնման աշխատանքները, եւ եթե տեսնենք, որ Ռուսաստանը պատրաստ է իրենց կողմից ճանապարհը բացել, վրացական կողմը պատրաստ է բացել», - ասաց նա:

Վրաստանի նախագահը հայտարարեց, որ անձամբ է «նպաստելու, որ ավելի հեշտանա հայ-վրացական սահմանի հատումը»:

«Բանակցությունների ընթացքում հայտարարվեց, որ Վրաստանը ոչ միայն խոչընդոտներ չի ստեղծի, այլեւ կօժանդակի հայկական ապրանքի տարանցումը Ռուսաստանի Դաշնություն: Մեզ համար սա շատ ողջունելի կեցվածք է, մեզ համար սա չափազանց կաեւոր հանգամանք է, մանավանդ հիմա, երբ գտնվում ենք բերքի իրացման նախաշեմին», - ասաց Սերժ Սարգսյանը:

Ինչ վերաբերում է Վրաստանի հայ համայնքին՝ Սերժ Սարգսյանը ողջունեց «Վրաստանի կառավարության ջանքերը Ջավախքում սոցիալ տնտեսական վիճակը մեղմելու, ենթակառուցվածքները բարելավելու եւ նոր աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG