Մատչելիության հղումներ

ԱՄՀ-ի ներկայացուցիչը «կառավարելի» է համարում Հայաստանի պետական պարտքի մակարդակը


Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսի կանխատեսմամբ, 2011-ին Հայաստանի պետական պարտքը կարող է կազմել ՀՆԱ-ի մոտ 46 տոկոսը, ինչը «կառավարելի մակարդակ է»:

ԱՄՀ-ն մեծացրել է Հայաստանին հատկացվող վարկի չափը` 540 միլիոն դոլարից հասցնելով մոտ 823 միլիոնի։ Չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե մեզ համար նման աննախադեպ մեծ ծավալների վարկ հատկացնելով` հիմնադրամում կա՞ որեւէ հաշվարկ, թե հետագայում Հայաստանը ինչպես է վերադարձնելու պարտքը, Նինկե Օմեսը ասաց. - «Անցած տարի Հայաստանի պետական պարտքը ՀՆԱ-ի համեմատ 18% էր, եւ, մեր գնահատմամբ, աճելով` այս տարվեվերջին կկազմի 38%, իսկ 2011 թվականին՝ կհասնի մոտ 46%-ի։ Սակայն, մեր կարծիքով, դա կառավարելի մակարդակ է, եւ Հայաստանը կկարողանա վերադարձնել այս գումարը»։

ԱՄՀ-ն առայժմ շարունակում է հավատարիմ մնալ իր պաշտոնական կանխատեսմանը, թե 2009-ին Հայաստանի ՀՆԱ-ն կկրճատվի 9.5%-ով։ Նինկե Օմեսը, այդուհանդերձ, լրագրողներին ասաց, որ այդ գնահատականը, բնականաբար, չի կարող վերջնական լինել, քանի որ դեռ առկա են մի շարք անորոշություններ, եւ տնտեսական անկումը կարող է ավելի փոքր կամ ավելի մեծ լինել։

Նրա խոսքով, երկու գործոն էական ազդեցություն կունենան Հայաստանի տնտեսության դինամիկայի վրա. - «Շատ բան կախված է նրանից, թե ինչպիսին կլինեն նավթի միջազգային գները, եւ դա, իր հերթին, ինչ ազդեցություն կունենա Ռուսաստանի տնտեսության վրա»։

Անդրադառնալով Հայաստանի կառավարության՝ հարկային վարչարարությունը խստացնելու ծրագրերին՝ Օմեսը, իհարկե, կարեւորեց հարկային մուտքերի ապահովմանը միտված Հայաստանի գործադիրի ջանքերը, սակայն հարկ համարեց ավելացնել. - «Բայց, իհարկե մեզ չի թվում, որ տնտեսական ճգնաժամի պայմաններում գործարարների համար պետք է դժվարացնել հարկերի վճարումը։ Ուստի մենք աշխատում ենք հարկային մարմինների հետ, որպեսզի գործարարներն անտեղի ստուգումների չենթարկվեն, եւ, եթե դա հակասում է օրենքին, ապա նրանցից չպետք է պահանջվի հարկային կանխավճարներ կատարել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG