Մատչելիության հղումներ

Հայաստան - ԱՄՆ առաջին ուղիղ չվերթը կարող է տեղի ունենալ 5-6 ամսից


Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ առաջին ուղիղ չվերթը, ինչպես վստահեցնում են պատկան մարմինները, հավանաբար տեղի կունենա մոտ 5-6 ամսից։

Երկու երկրների միջեւ 2008 թվականի նոյեմբերի 21-ին ստորագրված «Օդային հաղորդակցության մասին» (Բաց երկինք) համաձայնագիրը, երկկողմ վավերացման գործընթացի ավարտից հետո ուժի մեջ է մտել հունիսի 16-ին:

«Մեր ավիաընկերությունները՝ նշանակված ե'u հայկական կողմից, ե'ւ ամերիկյան կողմից, [համաձայնագրի շրջանակներում] իրավունք ունեն իրականացնելու ոչ միայն կետից կետ փոխադրումներ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ, քաղաքից քաղաք, այլ նաեւ իրենք կարող են որոշակի ազատություններ ունենալ իրենց գործունեության մեջ: Դա տալիս է լրացուցիչ ճկունություն ավիաընկերություններին, կոմերցիոն տեսանկյունից հնարավորություն է տալիս այլ լուծումներ ունենալ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց Հայաստանի կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը:

Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ավիափոխադրող է նշանակվել «Արմավիա» ընկերությունը, որը, Մովսիսյանի փոխանցմամբ, պետք է հայտ ներկայացնի ԱՄՆ-ի տրանսպորտի նախարարությանը, ինչին կհետեւեն որոշակի գործընթացներ. - «Համենայն դեպս, թռիչքային անվտանգության տեսանկյունով, ավիացիոն անվտանգության տեսանկյունով, կոմերցիոն տեսանկյունով խնդիրները ուսումնասիրվում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Նաեւ այցեր են լինելու Հայաստանի Հանրապետություն, որպեսզի իրենք տեղեկացվեն, թե որքանով են համապատասխանում Հայաստանի Հանրապետության թռիչքային եւ անվտանգության կանոնները միջազգային եւ հատկապես եվրոպական ստանդարտներին»:

Այդ այցերի, ուսումնասիրությունների ու քննարկումների արդյունքում է, որ պետք է հայկական կողմին տրամադրվի դեպի Միացյալ Նահանգներ չվերթներ իրականացնելու թույլտվություն։ Եվ հենց ամերիկյան կողմի ուսումնասիրությունների ժամանակացույցից է կախված, թե երբ կլինի Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ առաջին ուղիղ չվերթը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG