Մատչելիության հղումներ

«Իրանի ներքաղաքական իրավիճակը չի անդրադարձել բեռնափոխադրումների ծավալների վրա»


Մաքսային պաշտոնյայի խոսքով, նախագահական ընտրություններից հետո Իրանի Իսլամական Հանրապետությունում ստեղծված ներքաղաքական իրավիճակը չի անդրադարձել այդ երկրի տարածվով դեպի Հայաստան «բեռնաշրջանառության, ապրանքափոխադրումների ծավալների վրա»:

«Ամսի սկզբից մինչեւ հունիսի 10-11-ը ընկած ժամանակահատվածում հանրապետություն ներմուծվել է 546 բեռնատար մեքենա [ապրանք]: Հունիսի 11-ից մինչեւ հունիսի 22-ը ներառյալ, հանրապետություն ներմուծվել է 708 մեքենա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երեքշաբթի օրը ասաց Սյունիքի տարածաշրջանային մաքսատան Մեղրիի մաքսակետի պետ Սամվել Հայրապետյանը:

Նա հստակեցրեց, որ խոսքը ինչպես ուղղակի, այնպես էլ տարանցիկ փոխադրումների մասին է։ Այսինքն, վիճակագրությունը փաստում է, որ բեռնափոխադրումների քանակը դեպի Հայաստան Իրանում ստեղծված ներքաղաքական լարված իրավիճակի օրերին նույնիսկ ավելացել է։

Հարցին, թե նկատվե՞լ է արդյոք բեռնափոխադրումների տարանցման փոփոխություն, եւ արդյո՞ք գործարարներն այս օրերին նախընտրում են Վրաստանով փոխադրել իրենց բեռները, Հայրապետյանը արձագանքեց. - «Ելնելով կոնկրետ մեր մոտի իրավիճակից, ես կասեմ, որ մեր մոտ նկատելի չէ այդպիսի միտում: Եվ որեւիցե խուճապ էլ չեմ նկատում գործարարների շրջանում»:

Այդուհանդերձ, պաշտոնյան վկայում է, որ նախորդ տարվա համեմատ զգալի տարբերություն կա Իրանից դեպի Հայաստան իրականացվող ապրանքաշրջանառության ծավալների մեջ. - «Կարծում եմ, դա կապված է ընդհանուր համաշխարհային ճգնաժամի հետ: Տարբերությունը զգալի է, բայց սկսած երեւի մայիս ամսվա վերջերից, կարծես թե ավելի շատ դրական ուղղություն է վերցնում»:

Ըստ մաքսակետի պետի, 2008 թվականի մայիսին դեպի Հայաստան բեռնափոխադրում է իրականացրել ավելի քան 2500 բեռնատար ավտոմեքենա, իսկ այս տարվա նույն ամսին դրանց թիվը եղել է 1400-ից մի փոքր ավելի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG