Մատչելիության հղումներ

Երիտասարդ կուսակցականները՝ համաներման մասին


ՀԱԿ-ի երիտասարդական խորհրդի անդամները, ընդդիմադիր երիտասարդական նախաձեռնությունների ակտիվիստները երեկ ողջ օրը կալանավայրերի մոտ դիմավորում էին համաներման արդյունքում ազատ արձակված ընդդիմադիրներին։

ՀՀՇ-ի երիտասարդական թեւի նախագահ Կարեն Կարապետյանը «Մաքս Լիբերթի»-ի հետ զրույցում համաներումը «ուշացած» գնահատեց. - «Հատուկ ձգեցին, որպեսզի ազատ արձակեն նաեւ իրենց ընտրակեղծարարներին։ Քաղբանտարկյալները պետք է արդարացվեն, նրանք համաներման կարիք չունեն։ Նրանք պետք է իշխանություններին համաներում շնորհեն»։

Կարեն Կարապետյանի կարծիքով, ներքաղաքական լարվածության թուլացման մասին խոսք անգամ չի կարող լինել. նրա համոզմամբ` շարժումը նոր թափ է առնում, քանի որ «հարթակում հայտնվում են ազատազրկված լիդերները»։

Իշխող Հանրապետական կուսակցության երիտասարդական թեւի ղեկավար Էդգար Հովհաննիսյանը, ճիշտ հակառակը, համոզված է, որ լարվածությունն այլեւս մարած է. - «Լարվածությունը գնում էր դեպի հանգստացում, իսկ խոստացված համաներումը էականորեն լիցքաթափեց այն», - «Մաքս Լիբերթի»-ին ասաց նա։

Համաներումը չի տարածվել բոլոր ընդդիմադիրներ վրա, մասնավորապես Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանը երեկ դատապարտվեց 8 տարվա ազատազրկման։ Կարեն Կարապետյանի բնորոշմամբ` կալանավայրերում մնացած գործիչիները պատանդներ են. -«15 պատանդ ունենք այս իշխանությունների ձեռքում։ Մեղմ ասած, բարոյական չէ անմեղ մարդու նկատմամբ հետապնդումը դադարեցնելը անվանել բարի կամքի դրսեւորում»։

Հանրապետականի երիտթեւի ղեկավարը հարցը բարոյական հարթություն չի ուզում բերել. Էդգար Հովհաննիսյանի կարծիքով, բացառապես իրավական գնահատական է պետք այն հանգամանքին, որ ոչ բոլորին ազատություն շնորհեց համաներումը. - «Եթե իշխանությունները չունենային քաղաքական կամք, ընդհանրապես համաներում չէր լինի»։
XS
SM
MD
LG