Մատչելիության հղումներ

Թերի Դեւիս. «Մարտի 1»-ի Էջը փակված չէ»


Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի կարծիքով` Հայաստանում համաներում հայտարարելուց հետո ձերբակալվածների ազատ արձակմամբ «Մարտի 1»-ի էջը չի փակվել:

Երեքշաբթի օրը Դեւիսը հրավիրել էր Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնում իր վերջին ասուլիսը. նրա լիազորությունների ժամկետը ավարտվում է:

Ասուլիսի նախաբանում նա իր մտահոգություններն արտահայտեց Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում բռնությունների աճի կապակցությամբ:

Նա խոսեց նաեւ Կովկասյան տարածաշրջանում եւ մասնավորապես Հայաստանում անցած տարի տեղի ունեցած դեպքերի մասին: Ըստ Թերի Դեւիսի` բռնությունները վկայում են քաղաքական մշակույթի պակասի մասին:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` արդյո՞ք համաներում հայտարարելուց հետո ձերբակալվածների ազատ արձակմամբ փակվեց «Մարտի 1»-ի էջը, Թերի Դեվիսը ժխտական պատասխան տվեց. - «Ո՛չ: Դեռ առկախ շատ կարեւոր հարցեր կան այն մասին, թե ինչ կատարվեց մեկ տարի առաջ: Եվ ես դեռ շատ մտահոգված եմ այն իրողությամբ, որ որեւէ մեկը չի ձերբակալվել եւ չի պատժվել մահվան դեպքերի համար: Ասում են, թե մեկ ոստիկան է սպանվել, բայց սպանվել են նաեւ շատ այլ մարդիկ, ովքեր ոստիկաններ չէին եւ սպանվել են մեկ տարի առաջ: Դա սպանություն է»:

Նրա կարծիքով` «ահավոր է, որ ոստիկանությունը Հայաստանում չի կարողացել գտնել նրանց, ովքեր պատասխանատու են այս սպանությունների համար, որպեսզի դատական գործ հարուցեն»:

«Ես ասացի` մտահոգված եմ, որ մարդիկ ձերբակալվել են, բայց ավելի մտահոգված եմ, որ մարդիկ են սպանվել», - ընդգծեց Թերի Դեւիսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG