Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյան. «Հայաստանը շարունակելու է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ջանքերը»


Հայաստանը շարունակելու է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ջանքերը` աշխատանք տանելով հարցերը դիվանագիտական միջոցներով լուծելու ուղղությամբ: Այս մասին կիրակի օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Օրեր առաջ «Ռոյթերզ» լրատվական գործակալության հետ հարցազրույցում Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին ասել էր, թե Թուրքիան «մարտավարական հետքայլ» է կատարել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում` այդ նախաձեռնության նկատմամբ երկրի ներսում առկա թշնամական հակազդեցության պատճառով։ Այս կապակցությամբ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հույս հայտնեց, որ Թուրքիան նման հետքայլ չի անի:

«Մենք պատրաստ ենք գնալ հարաբերությունները առանց նախապայմանների կարգավորման եւ հուսով ենք, որ Թուրքիան էլ այդ ուղղությամբ կգնա», - ասաց Նալբանդյանը:

Վերջերս ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը Կոնգրեսում հայտարարել էր, թե Օբամայի վարչակազմը կողմ է հայ-թուրքական պատմաբանների հանձնաժողով ստեղծելու գաղափարին: Անդրադառնալով ամերիկացի բարձաստիճան դիվանագետի խոսքին` Հայաստանի արտգործնախարարը, մասնավորապես, ասաց. - «Բազմիցս ասվել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում մենք մտադիր ենք գնալ այն ճանապարհով, որպեսզի կարգավորենք հարաբերությունները, դիվանագիտական հարաբերություններ հաստատենք, բացենք սահմանները, եւ իհարկե, հարաբերությունները զարգացնելու համար մենք մտադիր ենք նաեւ ստեղծել միջկառավարական հանձնաժողով, որը կզբաղվի բազմաթիվ հարցերով, որոնք հուզում են երկու կողմերին»:

Լրագրողների հարցին, թե արդյո՞ք ղարաբաղյան կարգավորման բանակցությունների ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կառավարության պատրաստած ծրագիրը` Լեռնային Ղարաբաղ փախստականների վերադարձի վերաբերյալ, Նալբանդյանը հայտարարեց, թե այդպիսի հարց չի քննարկվել:

«Այդ հարցը կարող է միայն քննարկվել այն ժամանակ, երբ Ղարաբաղի հիմնախնդիրը հանգուցալուծվի, եւ պետք է նաեւ նկատի ունենալ, որ կա հարց նաեւ մոտ 400 հազար հայ փախստականների», - մեկնաբանեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG