Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը պահանջում է ազատ արձակել «բոլոր քաղբանտարկյալներին»


«Բոլոր քաղբանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն», - հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը` «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ներկայացնելով Կոնգրեսի դիրքորոշումը սպասվող համաներման առնչությամբ:

«Այդ մարդիկ նստած են բանտերում օրինական քաղաքական գործունեության համար, նրանց դեպքում, փաստորեն, կիրառվել են բռնություններ, չի գործել արդարադատությունը, շինծու գործեր են սարքվել դատախազության կողմից, Հատուկ քննչական ծառայության կողմից, ոստիկանության կողմից: Այսօր, փաստորեն, ամբողջ պետական ապարատը ծառայեցվել է նրանց իրավունքների ոտնահարման ուղղությամբ: Այդ մարդիկ բոլորը պետք է անհապաղ ազատ արձակվեն», - ասաց Զուրաբյանը` հավելելով. - «Դա արդեն ռեժիմի գլխացավանքն է, թե ինչ գործիքներ են իրավական նրանք ընտրում այդ բանը անելու համար»:

«Այսինքն, այն հանգամանքը, որ ձեր ընկերների մեծ մասը կարծես թե այս համաներման մասին հրամանագրով պետք է ազատ արձակվի, դուք համարում եք ոչ բավարա՞ր», - այս հարցին Հայ ազգային կոնգրեսի համակարգողը հակադարձեց. - «Ռեժիմը ցուցադրել է այս մեկուկես տարվա ընթացքում, որ ցանկացած ստորության ունակ է, եւ մինչեւ տղաները չհայտնվեն ազատության մեջ, բնականաբար, որեւէ գնահատական չի կարող տրվել, բացի նրանից, որ այս պահին նորից նրանք շարունակում են մնալ բանտում` անարդարացիորեն»:

«Այն հանգամանքը, որ ռեժիմը ազատ չի արձակում բոլոր քաղբանտարկյալներին, նախ եւ առաջ, ցույց է տալիս այսօրվա ղեկավարների փոքրոգությունը, եւ երկրորդը` ցույց է տալիս նաեւ, որ այս ռեժիմը հասկանում է, որ կարողանում է գոյատեւել սվինների վրա, այսինքն` որ նա առանց ռեպրեսիաների ուղղակի չի կարող դիմանալ», - հայտարարեց Լեւոն Զուրաբյանը:

Հարցին` հայտնի՞ է արդյոք իրենց, թե մարտի 1-ի դեպքերի հետ կապված ձերբակալվածներից կամ դատապարտյալներից ում նկատմամբ չի կիրառվելու համաներումը, ընդդիմադիր գործիչը պատասխանեց. - «Ոչ, դա մեզ չի հետաքրքրում: Մենք պահանջում ենք բոլորի ազատ արձակումը: Մենք կգնահատենք իրողությունը ըստ փաստի, այսինքն` երբ տղաները կհայտնվեն ազատության մեջ, բայց մեզ չի բավարարելու որեւէ լուծում, որի շնորհիվ բոլորը ազատ չարձակվեն: Ընդ որում, սա վերաբերում է ոչ միայն այն մարդկանց, որոնք այսօր նստած են բանտում, այլ նաեւ վերաբերում է այն մարդկանց, որոնք գտնվում են հետախուզման մեջ. նրանց նկատմամբ նույնպես այս ապօրինի հետապնդումները պետք է դադարեցվեն»:

«Նրանցից եթե գոնե մեկի նկատմամբ հետախուզումը շարունակվի, եթե գոնե մեկը շարունակի լինել բանտում` որպես քաղաքական բանտարկյալ, նման իրողությունը մեզ չի բավարարի, եւ մենք շարունակելու ենք որակել ներկա ռեժիմը որպես բռնապետություն», - ամփոփեց Հայ ազգային կոնգրեսի համակարգողը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG