Մատչելիության հղումներ

Մարտի 1-ի զոհերի հարազատները հանդիպում են խնդրում համազեկուցողներից


2008 թվականի մարտի 1-ի զոհերի հարազատները երեքշաբթի օրը նամակ են փոխանցել նախօրեին Հայաստան ժամանած Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցողներին՝ խնդրելով ներկա այցի ընթացքում հանդիպել իրենց հետ:

Առավոտյան ժամը 10-ից մարտիմեկյան 10 զոհերից Գոռ Քլոյանի,Դավիթ Պետրոսյանի, Սամվել Հարությունյանի եւ Տիգրան Խաչատրյանի ծնողները սպասում էին Եվրախորհրդի երեւանյան գրասենյակի մոտ, սակայն գրասենյակի աշխատակիցները տեղեկացրին, որ Ջոն Պրեսկոտն եւ Ժորժ Կոլոմբիեն պաշտոնյաների եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ ծրագրված հանդիպումների են:

Զոհվածների ծնողները ցանկանում են անձամբ ներկայացնել, թե ինչ ընթացք ունի իրենց զավակների սպանությունների բացահայտման գործը` ակնկալելով միջազգային ատյանների միջամտությունը:

«Մենք հիմա սպասում ենք Եվրախորհրդից, որ մեր վրա ուշադրության դարձնեն, բացահայտեն այս բոլոր գործերը: Եթե Եվրախորհուրդն էլ ոչինչ չանի, ուրեմն մենք կործանված մարդիկ ենք: Սա երկիր չէ, սա պետություն չէ», - ասաց զոհվածներից մեկի հայրը: - «Մենք չգիտենք՝ ուր գնանք, ում բողոքենք: Մեր իշխանությունները մեզ մոռացել են»:

«Կարող է իրենք մոռանան զոհերին, բայց զոհերը մեր երեխաներն են», - հավելեց զոհվածներից մեկի մայրը:

Որդեկորույս ծնողները պահանջում են ստեղծել նոր փաստահավաք խումբ, որտեղ ընդգրկված կլինեն նաեւ միջազգային փորձագետներ, քանի որ փաստահավաք խմբի լուծարումից հետո որեւէ հույս չունեն, թե Հայաստանի քննչական մարմիններն ու գործող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովը ստեղծված իրավիճակում կբացահայտեն 10 հոգու սպանության հանգամանքներն ու կպատժեն մեղավորներին. - «Միջազգային անկախ փորձագետներ ենք պահանջում»:

Մարտիմեկյան իրադարձություններում զոհվածների հարազատները նաեւ հույս էին հայտնում, որ ԵԽԽՎ-ն իր առաջիկա նստաշրջանում կանդրադառնա իրենց որդիների սպանությունների բացահայտման խնդրին եւ համապատասխան դիրքորոշում կորդեգրի հայաստանյան իշխանությունների նկատմամբ:

«Այնպես ենք վիրավորվում, որ հեռուստատեսությամբ միայն ցույց են տալիս, թե ինչ լավ է մեր երկրում ամեն ինչ , որ Եվրոպական կառույցներն առաջընթաց են արձանագրում մարտիմեկյան իրադարձությունների ուսումնասիրման գարծում: Թող գան մեզ հարցնեն: Մենք մեր երեխաներին կորցրել ենք միայն նրա համար, որ գնացել են խաղաղ հանրահավաքի մասնակցելու: Իշխանությունները մեկուկես տարի չեն բացահայտում ու պատժում սպանողներին, փոխարենը ամեն ինչ արեցին, որպեսզի լուծարվի գործով զբաղվող փաստահավաք խումբը», - հայտարարում էին մարտիմեկյան իրադարձություններում զոհվածների ծնողները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG