Մատչելիության հղումներ

Ամերիկյան ընկերությունները միջոցներ են հատկացնում ցեղասպանության ճանաչումը խոչընդոտելուն


Թուրքիային ռազմամթերք մատակարարող ամերիկյան հինգ խոշոր ընկերություններ եւ այդ երկրի հետ կապեր ունեցող մեկ էներգետիկ ոլորտի ընկերություն մեծ միջոցներ են հատկացնում ԱՄՆ-ի Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի դեմ լոբբիստական գործունեության նպատակով:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ` BAE Systems., Goodrich, Northrop Grumman, Raytheon, United Technologies եւ Chevron ընկերությունները Կոնգրեսում լոբբիստական գործունեության նպատակով այս տարվա առաջին եռամսյակում տրամադրել են 14 միլիոն դոլար:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում ընդգծեց Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի մամլո քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը, հիշյալ գումարը ընդհանրապես այդ ընկերությունների` տարբեր ոլորտներում լոբբիստական գործունեության վրա ծախսված գումարն է, իսկ թե որքան գումար է տրամադրվել հատկապես Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ լոբբիստական գործունեությանը` հայտնի չէ:

Չուլջյանի խոսքերով` այս ընկերությունների լոբբիստական գործունեությունը նորություն չէ իրենց համար: Այն, որ Թուրքիայի հետ առեւտրային կապեր ունեցող ընկերությունները գումար են ծախսում նաեւ հայկական հարցի առաջխաղացմանը խոչընդոտելու համար, իրենք գիտեն, սակայն այժմ դա առավել ակնհայտ է, քանի որ ԱՄՆ-ում խստացրել են լոբբիստական օրենքները, եւ ընկերությունները պարտավոր են նշել, թե հատկապես որ օրինագծերի կողմ կամ դեմ են իրենք գործունեություն ծավալում:

«Ասոշիեյթեթ փրես»-ը հաղորդում է, որ վեց խոշոր ընկերությունները հրաժարվել են մեկնաբանել Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ իրենց քայլերը:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի մամլո քարտուղարը, մինչդեռ, ենթադրում է, որ այդ ընկերությունները վախենում են Թուրքիայի պես գնորդ կորցնել. - «Այս ընկերությունները հաճախ թուրքական կառավարության շահերն են պաշտպանում այն մտահոգությամբ, որ Թուրքիան չի գնի իրենց ռազմամթերքը, չի գնի իրենց ուղաթիռները, առեւտուրը որոշ չափով կտուժի այդ պատճառով»:

Իսկ Հայոց ցեղասպանության ճանաչումը խոչընդոտելու նպատակով այդ ընկերությունների ծախսած գումարների եւ ներդրած ջանքերի ազդեցությանը վերաբերող հարցին Էլիզաբեթ Չուլջյանը արձագանքեց. - «Հստակ որ ունեն ազդեցություն` չէի ասի, բայց պատմությունը մեզ ցույց է տալիս, որ ցեղասպանությունը ճանաչած յուրաքանչյուր երկրի առեւտուրը Թուրքիայի հետ չի նվազել, ընդհակառակը` աճել է: Ուրեմն, այս ընկերությունների հաշիվները եւ Թուրքիայի սպառնալիքները իրականում պարապ են: Եվ դա է, որ Հայ դատի հանձնախումբը եւ ընդհանրապես ամերիկահայ գաղութը փորձում են ներկայացնել ամերիկյան ընկերություններին»:
Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նախագիծը ներկայիս գումարման Կոնգրեսում այս տարվա մարտին ներկայացրել է Դեմոկրատական կուսակցությունից կոնգրեսական Ադամ Շիֆը:

«Հայոց ցեղասպանության առնչությամբ Միացյալ Նահանգների փաստերի հաստատում» վերնագրված բանաձեւի նախագիծը ԱՄՆ-ի նախագահին կոչ է անում «ապահովել, որպեսզի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը արտացոլի Հայոց ցեղասպանության պատշաճ ըմբռնում» եւ «ճշգրտորեն բնութագրի մեկեւկես միլիոն հայերի ծրագրված ու կանխամտածված բնաջնջումը որպես ցեղասպանություն»:

Նույնպիսի բովանդակությամբ բանաձեւի նախագիծը, որը Ադամ Շիֆը եւ հայամետ այլ կոնգրեսականներ ներկայացրել էին 2007 թվականին, արժանացավ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հավանությանը, սակայն չդրվեց Պալատի լիագումար նիստի քվեարկությանը` պաշտոնական Անկարայի եւ Բուշի վարչակազմի խիստ հակազդեցության պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG