Մատչելիության հղումներ

Դիմակայություն կա նաեւ մտավորականության շրջանում


Արձակագիր, թատերագիր Կարինե Խոդիկյան
Արձակագիր, թատերագիր Կարինե Խոդիկյան

Երկուշաբթի օրը տեղի ունեցած հրապարակային բանավեճը վերհանեց, որ ընդդիմություն - իշխանություն դիմակայությունը առկա է ու բավական սուր՝ նաեւ մտավորականության շրջանում:

Արձակագիր, թատերագիր Կարինե Խոդիկյանն ու արձակագիր, հրապարակախոս, «Արարատ» մշակութային հեռուստաալիքի տնօրեն Մերուժան Տեր-Գուլանյանը, ովքեր իրենց ստեղծագործական ու աշխատանքային գործունեությունը սկսել են միասին՝ որպես համախոհներ «Գարուն» ամսագրում, եւ այսօր տարբեր քաղաքական հայացքների տեր են, երկուշաբթի օրը հայաստանյան հասարակությունում այսօր լայնորեն քննարկվող համաներման շուրջ հնչեցրեցին միանգամայն տարբեր կարծիքներ:

Ըստ Կարինե Խոդիկյանի, 2008-ի մարտի 1-ի իրադարձություններից հետո, համաներումը Հայաստանի իշխանություններին «պարտադրվում է Եվրախորհրդի կողմից», թեեւ նա վստահ չէր, որ հնարավոր համաներումը կտարածվի «քաղաքական հայացքների համար կալանավորված անձանց վրա»:

«Ես կարծում եմ, որ քաղբանտարկյալները մարդիկ են, որոնք ոտքի են ելել իրենց քաղաքացիական ազատությունը եւ մարդկային արժանապատվությունը պաշտպանելու համար», - հայտարարեց Խոդիկյանը: - «Եվ ես կարծում եմ, որ նրանցից ամեն մեկը նաեւ իմ եւ ձեզ համար է այնտեղ հայտնվել»:

Արձակագիր, «Արարատ» հեռուստաալիքի տնօրեն Մերուժան Տեր-Գուլանյանը
Մերուժան Տեր-Գուլանյանի համոզմամբ, մինչդեռ, համաներումն առհասարակ վերաբերում է անազատության մեջ գտնվող մեր բոլոր հայրենակիցներին՝ անկախ քաղաքական հայացքներից:

«Համաներումը… վերաբերում է մեր երկրում մեր ազգի դատապարտված մարդկանց, որոնց թվում են նաեւ մարտի 1-ի, այսպես ասած, կալանավորվածները եւ մեղադրվածները», - ասաց նա՝ հավելելով, որ սխալ է համարում այն տեսակետը, թե համաներումը նախ եւ առաջ պետք է տարածվի մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ ձերբակալվածների վրա. - «Ի՞նչ անեն այն մարդիկ, որոնք մարտի 1-ի առիթով չեն նստել»:

Կարինե Խոդիկյանի համոզմամբ, համաներումը, որպես հասարակական առաջնահերթ պահանջ, նախ եւ առաջ պիտի տարածվի մարտի 1-ի կապակցությամբ անազատության մեջ հայտնվածների վրա:

«Այս մարդիկ հայտնվել են անազատության մեջ մեզանից ամեն մեկի համար», - հայտարարեց նա՝ փաստարկելով. - «Ոորվհետեւ նրանք ընդամենը իրենց ձայնը բարձրացրել են անցած տարվա նախագահական ընտրությունների կեղծված, անարդար լինելու պատճառով»:

Տեր-Գուլանյանը, սակայն, համաձայն չէ, որ ընտրությունները կեղծվել են, համաձայն չէ, որ մարտի 1-ի համար մեղավոր է Սերժ Սարգսյանը. - «Մեղքը երկու կողմից է՝ ե’ւ մեր առաջին նախագահը, ե’ւ երկրորդ նախագահը: Ներկա նախագահը կապ չուներ»:

«Եթե ընդունենք, որ երկկողմանի մեղավորներ են», - հակադարձեց Խոդիկյանը, - «ցույց տվեց այս կողմի մեղավորներին: Այս կողմը՝ ընդդիմության կողմը՝ քաղբանտարկյալների տեսքով, նստած է բանտերում… Չգիտես ինչու, միայն ընդդիմությունից ձերբակալվեցին, ընդդիմությունն է մեղադրվում: Առ այսօր չկա՝ ո՞վ է տվել հրամանը կրակելու… Ցույց տվեք մեկին, ով գնդակահարել է 10 զոհերին»:

«Այո, ես ընդունում եմ՝ երկու կողմը մեղավոր են», - շարունակեց Կարինե Խոդիկյանը: - «Բայց ինչո՞ւ այսօր մեղադրյալի աթոռին նստած է միայն մի կողմը, որի ձեռքին ոչինչ չկա, բացի արդարության իր պահանջից, իսկ մյուս կողմը հաղթանակներ է տոնում իր սեփական ժողովրդի նկատմամբ՝ այդպիսով ամրագրելով մեր պետության հերթական պարտությունը»:

«Ես չեմ գտնում, որ հաղթանակներ է տոնում», - արձագանքեց Տեր-Գուլանյանը՝ հույս հայտնելով, որ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովը «ինչ-որ մի բան կհայտարարի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG