Մատչելիության հղումներ

Հայաստանը առաջին անգամ կմասնակցի Մոսկովյան կինոփառատոնին


Հայաստանը առաջին անգամ կմասնակցի Մոսկվայի միջազգային կինոփառատոնին: Այս շաբաթ անցկացվելիք փառատոնի մրցութային ծրագրում կցուցադրվի Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» գեղարվեստական կինոնկարը, փառատոնի շրջանակներում տեղի կունենա նաեւ Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը:

Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանի փոխանցմամբ` հայկական պատվիրակությունը Մոսկվա է մեկնում չորս օրով` հունիսի 19-24-ը:

«Առաջին անգամ մենք մասնակցում ենք Մոսկվայի այդ մեծ իրադարձությանը` ե’ւ փառատոնին, ե’ւ ֆորումին, ե’ւ ծրագրում ֆիլմ ունենք, ե’ւ ռետրոսպեկտիվա ունենք, ե’ւ ներկայացնելու ենք նաեւ մեր պրոյեկտները այնտեղ քննարկման. երկու պրոյեկտ կներկայացվեն ֆորումում», - նշեց Ազգային կինոկենտրոնի տնօրենը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանի խոսքով էլ` նշանակալից է ոչ միայն հայկական ֆիլմի ցուցադրությունը մրցութային ծրագրում, այլեւ Հարություն Խաչատրյանի բոլոր ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը Մոսկովյան կինոփառատոնին:

«Դա շատ նշանավոր երեւույթ է, որովհետեւ, ինչքան ես հիշում եմ, նման կարգի փառատոններում ընդամենը երկու [հայ] ռեժիսոր են արժանացել ռետրոսպեկտիվայի` Փարաջանովը եւ Փելեշյանը: Եվ նման` Ա դասի փառատոնում հայ ռեժիսորի ռետրոսպեկտիվը ճանաչման նշան է, դա մի կարեւոր բան է` կարծեք թե դասականների գրադարանում քեզ հրատարակեն», - ընդգծեց Միքայել Ստամբոլցյանը:

Հայաստանը այս տարի առաջին անգամ մասնակցել է Կաննի հեղինակավոր կինոփառատոնի շրջանակներում անցկացվող կինոշուկային` ներկայացնելով շուրջ երկու տասնյակ գեղարվեստական եւ վավերագրական ֆիլմեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG