Մատչելիության հղումներ

«Մարտի 1»-ի զոհերի հարազատները արդարություն են պահանջում


«Փաստահավաք խմբի լուծարմամբ կասեցվեց մարտի 1-ի սպանությունների բացահայտման գործընթացը: Դա նշանակում է, որ այս իշխանությունների օրոք ճշմարտությունն այդպես էլ հայտնի չի դառնա եւ մեղավորները կշարունակեն անպատիժ մնալ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց մարտիմեկյան իրադարձություններում սպանված 28-ամյա Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը:

Գոռ Քլոյանի հարազատների միակ հույսը Եվրադատարան դիմելն է: Փաստահավաք խմբի հետ հույսեր կապում էին, բայց. - «Հենց խումբը սկսեց ճշմարտությունը հրապարակել իշխանությունները հասկացան, որ իրադարձություններն ի վնաս իրենց են զարգանում եւ գործընթացը տարան փակուղի»:

Խոսքն ուղղելով Փաստահավաք խմբի նախկին ղեկավար Վահե Ստեփանյանին` Սարգիս Քլոյանը դժգոհեց. - «Դու ինչո՞ւ ճողոպրում ես` քո գործը անավարտ թողնելով: Չէ՞ որ 10 անմեղ զոհերի հարազատներ սպասում են քեզ»:

Զոհված Գոռ Քլոյանի հայրը հիշեցրեց, որ Փաստահավաք խումբը արդեն մանրամասներ էր հրապարակում ոստիկանության սպա Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքների հետ կապված, նոր փաստաթուղթ էր նախապատրաստում «Մարտի 1-ին հատուկ միջոցների կիրառման հանգամանքների մասին»: Հենց իր որդին էլ «Չերյոմուխա-7» տեսակի հատուկ միջոցից էր զոհվել:

Փաստահավաք խմբի հետ սերտ համագործակցություն չեն ունեցել, բայց խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանին պատմել է իրեն հայտնի մանրամասները: Ասաց, որ պատմել է նաեւ մարտիմեկյան իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանին:

Այժմ Սարգիս Քլոյանը սեփական հետաքննությունն է իրականացնում. - «Ես զբաղվում եմ. ոնց եղավ, ում հետ գնաց: Այնքան բան գիտեմ, որ մինեւ անգամ իմ տղային գնդակահարում են, կարելի է ասել, նա մենակ, առանձնացել է իր ընկերներից, մոտեցել է ոստիկանության ներքին զորքերին եւ ասել է.- «Ի՞նչ եք անում, արդեն երկու զոհ ունենք: Ինչո՞ւ եք սպանում այս մարդկանց»: Եվ նրան չեն պատասխանել. դիմահար կրակել են 10 մետր հեռավորությունից: Երբ նրան խփում են, տղաս գոռում է: Ես ունեմ այդ դիսկը: Տղաս գոռում է. - «Արյունս ոնց է հոսում»: Տեղափոխելուց ավտոմատով կրակում են մեքենայի հետեւից, որպեսզի հիվանդանոց չհասնի: Դուք պատկերացնո՞ւմ եք»:

Պաշտոնական տվյալներով, Գոռ Քլոյանը մի խումբ մարդկանց հետ գնացել է Մաշտոց-Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկի կամրջի մոտ, որտեղ էլ հատուկ միջոցից վիրավորվել է, տեղափոխվել հիվանդանոց ու մահացել:

Հատուկ քննչական ծառայության հետ զոհվածի հայրը հույսեր չի կապում: Փաստահավաք խմբի լուծարումից հետո սա մահվան հանգամանքների բացահայտմամբ զբաղվող միակ մարմինն է: Սարգիս Քլոյանն ասաց, որ իրեն վերջին անգամ 1 տարի առաջ են հարցաքննության կանչել:
«Չե՞ք կարողանում բացահայտել որ ոստիկանն է խփել, ապա բարի եղեք ասել ո՞վ հրաման տվեց: Դա՞ էլ չեք կարողանում բացահայտել: Կարող եք, ամեն ինչ կարող եք, ցանկություն չկա: Չեն ուզում իրենք իրենց դատեն», - հայտարարեց զոհված Գոռ Քլոյանի հայրը:

«Չերյոմուխա-7»-ի պայթյունից մարտի 1-ին զոհված 23-ամյա Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը, նույնպես համոզված է, որ իրենց որդիների սպանությունների բացահայտումը փակուղի է մտնում: Նրա կարծիքով զոհերից առնվազն 3-ի սպանությունները հնարավոր էր ավելի արագ բացահայտել, քանի որ հայտնի են հատուկ միջոց կիրառած ոստիկանները: Ըստ պաշտոնական վարկածի, Տիգրան Խաչատրյանը վնասվածք է ստացել Պարոնյան-Լեո խաչմերուկի կամարակապ մուտքի մոտ: Իր ձեռքի տակ եղած տեղեկությունների վրա հիմնելով` մայրը կարծում է, որ որդին սպանվելուց առաջ բռնության է ենթարկվել:

«[Նախկին նախագահ Ռոբերտ] Քոչարյանը դատի է տվել «Հայկական ժամանակ» թերթին իր երեխայի պատիվը անարգելու համար: Բա մենք ո՞ւմ պետք է դատի տանք: Ո՞ւմ պետք է դատի տամ, պարո՛ն երկրորդ նախագահ, իմ երեխային սպանելու համար», - հարցնում է զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG