Մատչելիության հղումներ

Սեդա Սաֆարյան. - «Մարտի 1-ի հանցագործությունը չի բացահայտվելու»


Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով լուծարված Փաստահավաք խմբում «Ժառանգություն»-ը ներկայացնող Սեդա Սաֆարյանը համոզված է, մարտի 1-2-ի իրադարձություններն ու դրանց պատճառներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը չի բացահայտելու «Մարտի 1»-ը:

«Շատ ցանկալի կլիներ, որ մեր հավաքած փաստերի հետ կապված, մենք կառուցեինք մեր փաստաթուղթը», - լրագրողների հետ հանդիպմանը հինգշաբթի օրը ասաց Սաֆարյանը: - «Այսօր կարող են մի փաստ հրապարակել եւ շատ կարեւոր մի փաստ չհրապարակել»:

«Ես կարծում եմ, որ Հայաստանում մարտի 1-ի հանցագործությունը եւ մարտի 1-ի դեպքերի իրական պատկերը չի բացահայտվելու, եւ նախագահի հրամանագրով դա առընդմիշտ փակված հարց եմ համարում», - հայտարարեց Սաֆարյանը:

Փաստահավաք խումբի լուծարելու մասին նախագահի կարգադրությունից մեկ օր առաջ խմբում ընդդիմությունը ներկայացնող Սեդա Սաֆարյանը եւ Անդրանիկ Քոչարյանը պատրաստել են «Մարտի 1-ին հատուկ միջոցների կիրառման հանգամանքների մասին» փաստաթուղթը, որն այսօր ուղարկվելու է խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանին։

«Մենք ամսի 5-ին տիկին Սաֆարյանի հետ հասցրեցին սա ավարտուն վիճակի», - տեղեկացրեց լուծարված խմբում Հայ ազգային կոնգրեսը ներկայացնող Անդրանիկ Քոչարյանը: - «Հիմնականում վերաբերում է «Չերյոմուխա» տեսակի եւ «Չերյոմուխա -7»-ի հետ առնչված հարցերին: Մենք ունենք արդեն որոշակի եզրահանգումների եկած փաստաթուղթ, եւ այս փաստաթուղթը այսօր եւեթ ուղարկելու եմ պարոն Նիկոյանի հանձնաժողովին»:

Նա հավելեց, որ անձամբ է փոխանցելու այս փաստաթուղթը Սամվել Նիկոյանին, քանի որ վստահ չե, թե «ինչ է պարոն Նիկոյանին փոխանցել Փաստահավաք խմբի նախկին ղեկավար Վահե Ստեփանյանը»:

«Ուշի-ուշով հետեւելու ենք Ազգային ժողովի հանձնաժողովի փաստաթղթերին, որոնց մեջ պետք է ներգրավված լինեն նաեւ Փաստահավաք խմբի փաստաթղթերը: Եթե հանկարծ տեսնենք, որ որեւէ փաստաթուղթ այնտեղ ներգրավված չէ, կարծում եմ, որ մենք դա կհնչեցնենք»:

Սամվել Նիկոյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, թե լուծարված
Փաստահավաք խմբի փաստաթուղթը դեռ չի ստացել. ստանալուց հետո այն «սիրով կուսումնասիրի»:

Հակադարձելով հնչած քննադատությանը՝ Նիկոյանը ասաց. - «Ես սովոր եմ քննադատությանը: Արդեն մեկ տարի եղավ՝ քննադատում են: Իսկ ո՞վ ասեց՝ լուրջ եմ վերաբերում կամ չեմ վերաբերվում… Չէ՞ որ զեկույցը դեռ առջեւում է: Եվ երկրորդը՝ եթե կարծում են, որ ես պետք է նույնությամբ ասեմ այն, ինչ այնտեղ ասված է, իհարկե, այդպես չէ: Բայց ես կարծում եմ, որ այնտեղ կան բավականին փաստեր, որոնք արդեն իսկ հանձնաժողովը գտնում է, եւ նախաքննական մարմինը, որ Փաստահավաք խումբը ճիշտ է այդ հարցում: Եվ դրանք ես կօգտագործեմ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG