Մատչելիության հղումներ

Հունիսի 10-ի մամուլ


«Ժամանակ»-ը տեղեկացնում է, որ «այլեւս լուծարված Փաստահավաք խմբի ղեկավար, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը, առանց տեղյակ պահելու խմբի մյուս անդամներին, մարտի 1-ի խորհրդարանական հանձնաժողովին է փոխանցել խմբի տրամադրության տակ եղած տեսանյութերը, փաստաթղթերը, ձայնագրությունները եւ բոլոր այն նյութերը, որոնք խումբը ձեռք էր բերել իր գործունեության անցած 6 ամիսների ընթացքում»: Սրա վերաբերյալ «Ժառանգության» ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը թերթի հետ զրույցում «խիստ վրդովվել է կատարվածից՝ իր նախկին կոլեգայի արարքը համարելով «անազնիվ քայլ». - «Վահե Ստեփանյանը պարտավոր էր, մինչեւ նյութերը հանձնաժողովին հանձնելը, քննարկել եւ տեղյակ պահել նաեւ մեզ: Մի՞թե հնարավոր չէր հինգ հոգով հավաքվել, որոշել, թե սեյֆի նյութերի ճակատագիրը ինչ է լինելու: Ի՞նչ իմանամ՝ նա ինչ նյութեր է տվել, կամ՝ արդյո՞ք բոլոր նյութերն է տվել, թե՞ կիսատ-պռատ: Հնարավոր է՝ ինչը որ պետք չէ, դա է տվել»:

Նույն հարցով «Հայոց Աշխարհ»-ը զրուցել է Ազգային ժողովի փոխնախագահ, մարտի 1-2- իրադարձություններն ու դրանց պատճառներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Արդեն ժամանակավրե՞պ է պարզել, թե ում մեղքով տեղի ունեցավ տեղեկատվության արտահոսքը Փաստահավաք խմբից»։ Նիկոյանը պատասխանում է. - «Ամեն ինչ պարզ էր հենց հրապարակման օրը։ Երբ ես Փաստահավաք խմբի որոշ անդամներից ստացա նրանց մասնավոր զեկույցը, անմիջապես էլ որոշ լրատվամիջոցներ պահանջեցին հրապարակել այն։ Երբ ես հայտարարեցի, որ ստացված զեկույցը ամբողջությամբ չեմ հրապարակի, առանց այն հանձնաժողովում ներկայացնելու ու քննարկելու, նույն այդ լրատվամիջոցը հենց հաջորդ օրը զեկույցը նույնությամբ տպագրեց։ Ակնհայտ է, որ նման նպատակ կար եւ դա ցանկություն կար անելու իմ միջոցով»։

«Հրապարակ»-ը խմբագրականում գրում է. - «Մեծ հանդիսավորությամբ, դանդաղ ու ճռնչալով՝ իշխանությունը նախապատրաստվում է համաներում իրականացնել: Վերջին 20 տարում բազմիցս համաներում է անցկացվել, բայց երբեք հասարակությունը նախապես դրան տեղեկացված չի եղել եւ, առավել եւս՝ մասնակից չի եղել: Մի կողմից, իհարկե, լավ է, որ հասարակությանը մասնակից են դարձնում նման համապետական որոշումների կայացմանը: Բայց, մյուս կողմից, ի՞նչ իմաստ ունի այսքան ծանրացնել մի միջոցառում, որն ավելի շատ իշխանությանն է հարկավոր, քան ժողովրդին: Չէ որ համաներումը մարտի 1-ի գործերով առաջացած փակուղուց լավագույն ելքը կարող է լինել: Բայց այնպիսի տպավորություն է, թե իշխանությունը մի նենգ բան է մտածել, ծուղակ: Եվ դրա համար արդեն հող է նախապատրաստում»:

«Կապիտալ»-ը ներկայացրել է «ԱրմԻնֆո»-ին Ազգային ժողովում ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի հարցազրույցը, որում վերջինս տեղեկացրել է, որ «ՀՅԴ-ն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ քննարկում կկազմակերպի, որին կմասնակցեն բոլոր հետաքրքրված կողմերը, այդ թվում՝ «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունը». - «Հուսով եմ, որ այդ քննարկումներից հետո մենք կհասկանանք, թե որքան մոտ են այդ հարցի վերաբերյալ «Ժառանգության» եւ մեր դիրքորոշումները, եւ միայն դրանից հետո որոշում կընդունենք՝ արդյոք մենք կարող ենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում համագործակցել «Ժառանգության» հետ»: Կոալիցիայից դուրս գալուց հետո ՀՅԴ կուսակցությունը «Ժառանգություն» կուսակցությանն առաջարկել է խորհրդարանում քննարկվող օրինագծերի վերաբերյալ կանոնակարգված խորհրդակցություններ անցկացնել: Սակայն խորհրդարանական ձևաչափից դուրս, ոչ խորհրդարանական քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններ վարելը ՀՅԴ կուսակցությունն աննպատակահարմար է համարում»:

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Դեռեւս անցյալ տարի, գտնվելով անելանելի վիճակում, Սերժ Սարգսյանը, ըստ էության, աննախադեպ եւ անթույլատրելի զիջումների է գնացել ինչպես հայ-թուրքական հարաբերությունների ոլորտում (համաձայնելով «համատեղ հանձնաժողովին»), այնպես էլ ղարաբաղյան հարցում (ընդունելով մադրիդյան սկզբունքները): Այդ հնարքն ինչ-որ ժամանակով թեթեւացրել է նրա վիճակը, բայց հիմա ըստ երեւույթին եկել է տրված խոստումները կատարելու ժամանակը: Սերժ Սարգսյանը հրաժարվում է, ու միջազգային վերաբերմունքը կտրուկ փոխվում է: Այստեղ մեզ համար ամենակարեւորը հետեւյալ հարցն է. իսկ հասարակությունը համաձա՞յն է, որ Սերժ Սարգսյանը կարգավորի հայ-թուրքական հարաբերությունները եւ Ղարաբաղի հարցում ինչ-որ համաձայնագիր ստորագրի: Այսինքն՝ հասարակությունն այս հարցերում վստահո՞ւմ է նրան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG