Մատչելիության հղումներ

Ամերիկյան բարձրաստիճան դիվանագետների նախնական գնահատմամբ` Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում «խնդիրներ եղել են»


Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները ընդամենը մի քանի օր առաջ են ամփոփվել, եւ Միացյալ Նահանգները դրանց վերաբերյալ պաշտոնական հայտարարություն կամ գնահատական առայժմ չունի, «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան երեքշաբթի հրավիրված ասուլիսում ասաց ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը, հավելելով, թե ինքը լսել է ընտրախախտումների եւ ընտրությունների ընթացքում տեղ գտած խնդիրների մասին:

«Այդ ամենը չի համապատասխանում այն չափանիշներին, որը մենք կուզենայինք տեսնել», - ասաց Ֆիլիպ Գորդոնը: ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալը նաեւ նշեց, որ ցավալի է համարում Երեւանի ավագանու խորհուրդը բոյկոտելու` ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի որոշումը:

«Գիտեմ, որ ընդդիմության որոշ ներկայացուցիչներ ընտրվել էին, սակայն որոշել են հրաժարվել մանդատներից, ինչը ցավալի է, քանի որ անգամ անկատար ընտրությունների դեպքում նախընտրելի է, որ ժողովրդի քվեն ստացողները ծառայեն ժողովրդին», - նշեց Գորդոնը:

«Կարծում եմ, այս մասին կարող ենք ասել ավելին, երբ պատրաստ կլինի վերջնական գնահատականը, իսկ առայժմ, ըստ իմ նախնական գնահատականի, ընտրությունների ընթացքում խնդիրներ եղել են», - հավելեց Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալը։

Մայիսի 31-ի ընտրությունների վերաբերյալ հարցին հարկ համարեց պատասխանել նաեւ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչը, ով Երեւանի մի քանի տեղամասում անձամբ է հետեւել ընտրությունների ընթացքին:

«Դեսպանատունն ուներ իր դիտորդները ինչպես տեղամասերում, այնպես էլ տեղամասերից դուրս` փողոցներում։ Մենք ականատեսն ենք եղել ընտրակեղծիքների, խախտումների եւ ահաբեկության մի շարք փաստերի, ընդ որում` ոչ-թե մեկ կամ երկու ընտրատարածքներում, այլ ողջ քաղաքում, ինչպես քվեարկության, այնպես էլ ձայների հաշվարկի ժամանակ», - հայտարարեց դեսպան Յովանովիչը, իր հերթին շեշտելով, թե Միացյալ Նահանգների պաշտոնական գնահատականը կհնչի առաջիկա օրերին։

Ասուլիսում Ֆիլիպ Գորդոնը նաեւ հայտարարեց, թե պատահական չէ, որ իր տարածաշրջանային առաջին այցի համար ընտրել է Երեւանը։

«Հայաստանում եւ տարածաշրջանում այսօր կարեւոր ու պատմական իրադարձություններ են տեղի ունենում», - ասաց ամերիկացի դիվանագետը` նկատի ունենալով հայ-թուրքական երկխոսությունը եւ ղարաբաղյան կարգավորումը։

Անդրադառնալով հայ-թուրքական երկխոսությունը ղարաբաղյան հակամարտության հետ կապելու` Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների փորձերին, Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալը հայտարարեց, որ հայ-թուրքական կարգավորումը չպետք է պայմանավորված լինի այլ գործընթացներով, մասնավորապես, ղարաբաղյան բանակցություններով։

«Մենք կարծում ենք, որ նախապայմաններ չպետք է լինեն, սա առանձին գործընթաց է, որը պետք է իր տրամաբանությամբ շարժվի եւ չկապվի որեւէ այլ գործընթացի հետ։ Հայ-թուրքական կարգավորումից կշահեն Թուրքիան, Հայաստանը եւ ողջ տարածաշրջանը։ Ասելով կարգավորման խելամիտ ժամկետներ, մենք հենց դա նկատի ունենք։ Սա նշանակում է, որ գործընթացը չի կարող հավերժ շարունակվել։ Կարծում եմ, երկու կողմերն էլ գիտակցում են, որ հարկավոր է առաջ շարժվել, ինչը նրանք անում են եւ կշարունակեն անել», - նշեց բարձրաստիճան դիվանագետը։

Պատասխանելով հարցին, թե ընդունո՞ւմ է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցով հանրաքվեի գաղափարը` որպես ժողովրդի կամքի իրականացման միակ լեգիտիմ ձեւ, Ֆիլիպ Գորդոնը նախ ասաց, թե ապագա կարգավորումը պետք է հավասարակշռի հայտնի երեք սկզբունքները` ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման:

«Ուստի, այո՛, կարծում եմ, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման կարեւոր բաղկացուցիչներից մեկը պետք է լինի ժողովրդի կամքն արտահայտող քվեարկության որեւէ ձեւ», - եզրափակեց ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG