Մատչելիության հղումներ

Լեւոն Զուրաբյան. «Միավորման անհրաժեշտությունը կա, եթե մյուս ընդդիմադիրները շահադիտական նպատակներ չունեն»


Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լեւոն Զուրաբյանը, արձագանքելով ընդդիմադիր ուժերի միասնականացման շուրջ համատեղ խորհրդակցություններ սկսելու` «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի կոչին, երեքշաբթի կարծիք հայտնեց, որ դրա անհրաժեշտությունը, թերեւս, կա, եթե մյուս ուժերը «շահադիտական նպատակներ չունեն»:

«Հունիսի 3-ին Հայ ազգային կոնգրեսը հայտարարությամբ հանդես եկավ, որտեղ կոչ արեց բոլոր քաղաքական ուժերին միավորվելու` այս քրեապետության դեմ պայքարելու: Ուրախ ենք, որ, փաստորեն հետեւեց առաջին կոնստրուկտիվ արձագանքը եւ այդ նույն կարծիքի է նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Զուրաբյանը:

ՀԱԿ-ի համակարգողը նաեւ չբացառեց Հայ հեղափոխական դաշնակցության հետ համագործակցության հնարավորությունը, հիշեցնելով, սակայն, որ ամեն ինչ կախված է այն բանից, թե այլ քաղաքական ուժերը «որքանով են անկեղծ բռնապետությունը տապալելու» իրենց ձգտումներում:

Դաշնակցության ներկայացուցիչներն առայժմ ձեռնպահ մնացին դիրքորոշում հայտնել Կոնգրեսի եւ «Ժառանգության» հետ խորհրդակցություններ սկսելու վերաբերյալ:

Երկուշաբթի Րաֆֆի Հովհաննիսյանը Հայ հեղափոխական դաշնակությանը, Հայ ազգային կոնգրեսին եւ իր ներկայացրած «Ժառանգություն» կուսակցությանը կոչ էր արել սկսել խորհրդակցության դաշտ, որի նպատակը «նորմալ ընտրական իշխանափոխություն նախապատրաստելու համար» ընդդիմադիր դաշտի ամբողջականացման եւ միասնականացման խնդրի լուծումը կլիներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG