Մատչելիության հղումներ

Հունիսի 6-ի մամուլ


«168 ժամ»-ը յուրօրինակ բացատրություն է տալիս «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների կողմից Հայ ազգային կոնգրեսի հասցեին հնչեցված սուր քննադատությանը. - «Խնդիրը տվյալ դեպքում «Ժառանգության» նշված անդամների անձերը չեն, որոնք իսկապես վերջին ավելի քան մեկ տարում իրենց գործունեությամբ աջակցում էին ընդդիմությանը: Խնդիրն այն դրդապատճառն է, որը ստիպել է «Ժառանգությանը» նման սենսացիոն հայտարարություն անել եւ բառի բուն իմաստով մեկ օրում 360 աստիճանով փոխել դիրքորոշումը: Առաջին հայացքից աբսուրդային թվացող այս «ռեւերանսը» վերջին շաբաթվա իրադարձությունների համատեքստում կարող է ունենալ միայն մեկ տրամաբանական բացատրություն` «Ժառանգությանը» ստիպել են նման հայտարարություններ անել Արեւմուտքից` ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ից, որտեղ խիստ անհանգստացել են հունիսի 1-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններից: «Սերժ Սարգսյանի ստորագրած ոչ մի փաստաթուղթ մեզ համար իրավական ուժ չունի: Մանավանդ, եթե այդ փաստաթուղթը վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործին»,- ասել էր ՀՀ առաջին նախագահը»:

«Հայոց Աշխարհ» թերթին տված հարցազրույցում Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանը, անդրադառնալով հնարավոր համաներմանը, մասնավորապես, նշում է. - «Մարտի 1-ի իրադարձություններից հետո քաղաքական առճակատումները փաստորեն չեն շարունակվում։ Հասարակությունը նկատելիորեն հանգստացել է։ Ուստի հանդուրժողականության մթնոլորտը կայունացնելու նպատակով, կարծում եմ, անհրաժեշտ է համաներումը տարածել նաեւ այն մի քանի տասնյակ դատապարտյալների վրա, որոնք ազատազրկված են ոչ ծանրացուցիչ հանգամանքներում կատարած հանցանքի համար»։

«Հայք» թերթի խմբագրականն անդրադարձել է նախօրեին տեղի ունեցած դատական նիստերին. - «Կորյուն Փիլոյանը, Արամ Ամիրզադյանը, Հարություն Հարությունյանը աշխատում են դատախազությունում եւ ի պաշտոնե պետք է ապացուցեն կատարված հանցանքը, ամեն ինչ անեն հասարակությունը հանցագործներից մաքրելու համար: Երեկ վերոհիշյալ դատախազներն առաջարկեցին քաղբանտարկյալներ Ալեքսանդր Արզումանյանին եւ Մյասնիկ Մալխասյանին ազատությունից զրկել 6, իսկ Սուրեն Սիրունյանին՝ 5 տարով: Նրանք այդպես էլ չկարողացան ապացուցել, որ Հայաստանի նախկին արտգործնախարար, ՄԱԿ-ում Հայաստանի առաջին ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը, Ազգային ժողովի պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը եւ Շարժման ակտիվիստ Սուրեն Սիրունյանը 2008 թվականի մարտի 1-ին հակաիրավական գործողություններ են կատարել: Չկարողացան, որովհետեւ հնարավոր չէ ապացուցել մի բան, որը չի եղել: Այսուհանդերձ, Կորյուն Փիլոյանը, Արամ Ամիրզադյանը եւ Հարություն Հարությունյանը իրենց թույլ տվեցին հանդես գալ անհեթեթ եւ զավեշտալի մեղադրական ճառերով, իսկ որ ավենասարսափելին է՝ պահանջեցին ազատությունից զրկել մարդկանց, որոնց հանցանքն այն է, որ պայքարել են Հայաստանում սահմանադրական կարգը վերականգնելու համար: Դժվար է պատկերացնել նաեւ, թե երեկ տուն գնալուց հետո դատախազները ինչպես են նայել իրենց ընտանիքի անդամներ, երեխաների աչքերին»:

«Կապիտալ» թերթում կարդում ենք ռուսաստանյան կես միլիարդ դոլարի մասին ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի պարզաբանումները. - «Հայաստանի կառավարությունը բավական սեղմ ժամկետում ավարտել է բոլոր ներպետական ընթացակարգերը և արդեն դիվանագիտական խողովակներով ավարտում է ռուսական կողմին դրա մասին ծանուցելու գործընթացը։ Սպասվում է, որ ծանուցման գործընթացն ավարտելուց հետո վարկային միջոցները կփոխանցվեն յոթ բանկային օրվա ընթացքում։ Երեկ ֆինանսների նախարարությունում տեղի ունեցած միջոցառմանը Դավթյանը հայտարարեց, թե չի հիշում մի դեպք, երբ միջպետական համաձայնագրերը ներպետական ընթացակարգերն անցնեին այդքան սեղմ ժամկետում։ Նա հիշեցրեց, որ համաձայնագիրը ստորագրվել է մայիսի 20-ին Մոսկվայում, իսկ հունիսի 2-ին Ազգային ժողովն արդեն վավերացրեց այն: Ըստ ֆինանսների նախարարի՝ այս տարվա ընթացքում Հայաստանի պարտքը կավելանա, բայց կլինի թույլատրելի սահմաններում և երկրի համար մեծ ռիսկայնություն չի պարունակի։ «Սովորաբար արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը մինչև 50% համարվում է ոչ ռիսկային։ Մենք դեռ հեռու ենք այդ սահմանաչափից և կարծում ենք, որ այս ճգնաժամային իրավիճակում դա արդարացված է: Մենք անում ենք այն, ինչ անում են աշխարհի շատ երկրներ», - ասաց նա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG