Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը դիմել է ԿԸՀ


Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) այսօր դիմում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)` Երեւանի ավագանու մայիսի 31-ի ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը, եթե հանձնաժողովը չբավարարի պահանջը, կբողոքարկեն դատական կարգով:

Ըստ ընդդիմադիրների, ընտրության օրը իրագործվող ամենաթողությունն այժմ թեւակոխել է հետընտրական փուլ, որտեղ ընտրական մարմինները «կոպիտ ու բացահայտ օրինախախտումներով խոչընդոտում են բողոքարկման ընթացքը եւ զբաղված են օրինախախտումների մասին գրանցված հարյուրավոր արձանագրությունների կոծկումով»:

«Կեղծիքներ կրել են համատարած բնույթ եւ չեն արտահայտում մեր ժողովրդի կամքի արտահայտման իրական պատկերը, եւ այդ պատճառով մենք պահանջում ենք անվավեր հայտարարել այս ընտրությունները արդյունքները», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ՀԱԿ-ի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը: - «Մենք այս ընտրություններում գործ ունենք ոչ միայն նախընտրական խախտումների, բուն քվեարկության օրվա խախտումների, այլ նաեւ հետընտրական՝ բողոքարկման փուլի խախտումների հետ»:

Որպես օրինախախտումները «կոծկելու» օրինակներ, Ավագյանը վկայակոչեց Մալաթիա-Սեբաստիայի թիվ 7/25 եւ 7/26 տարածքներում վերահաշվարկ կատարելու իրենց դիմումներին ընթացք չտալը: Ըստ նրա, բոլոր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները, բացի 6-ից, թույլ չեն տալիս Կոնգրեսի վստահված անձանց քաղվածքներ կատարել տեղամասերի գրանցամատյաններից՝ պատճառաբանելով, որ դրանք արխիվ են փոխանցվել:

«Հիմա ինչ է ստացվում. այն ամենաաղաղակող խախտումները, որոնք գրանցվել են գրանցամատյաններում, մեզ հասու չեն, որ մենք կցենք գործերին: Որովհետեւ բոլորը միաբերան հայտարարում են, որ անգամ ամսի 2-ին արդեն հանձնել են բոլոր փաստաթղթերը, այդ թվում՝ եւ գրանցամատյանները, ինչը օրենքի խախոտւմ է»:

ՀԱԿ-ի ներկայացուցիչների համոզմամբ, խոչընդոտների նպատակն է վերահսկողության տակ պահել արձանագրվող անճշտությունները եւ թույլ չտալ, որպեսզի դրանք անցնեն թույլատրելի տոկոսի սահմանը, որպեսզի ընտրությունները անվավեր ճանաչելու անհրաժեշտություն չառաջանա:

Հիշեցնենք, դատախազության միջնորդությամբ 3 տեղամասերի վերահաշվարկի արդյունքում այդ տեղամասերում քվեարկությունն անվավեր ճանաչվեց: Եվ, ըստ ԿԸՀ-ի նախագահի տեղակալ Աբրամ Բախչագյուլյանի, այստեղ ոչ թե նոր քվեարկություն է իրականացվելու, այլ քվեների թիվը գումարվելու է անճշտություններին: Ընտրություններն անվավեր ճանաչելու խնդիր, սակայն, նրա խոսքով, չի կարող առաջանալ:

«Համամասնական ընտրակարգով ընտրությունների դեպքում խնդիրը 7 եւ 9 տոկոս շեմի հաղթահարման մասին է, այսինքն՝ անճշտությունները այս ընտրություններում անհրաժեշտ են միայն նրա համար, որ պարզվի, թե որ կուսակցությունները կամ դաշինքներն են հաղթահարել 7 կամ 9 տոկոսանոց շեմը, եւ ովքեր են մասնակցում մանդատների բաշխմանը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Բախչագուլյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք վերահաշվարկի արդյունքում նոր կուսակցություններ հաղթահարեն այդ շեմը, Բախչագուլյանը պատասխանեց. - «Չի կարող նման բան լինել, քանի որ անճշտությունների ավելացմամբ քվեների տոկոսը իջնում է, ոչ թե բարձրանում: Բոլորի տոկոսները այս պարագայում իջնում են»:

Ինչ վերաբերում է վերահաշվարկին, ապա այսօր ժամը 14.00-ին ավարտվեց վերահաշվարկի սահմանված ժամկետը: Ըստ Բախչագուլյանի, վերահաշվարկ իրականացվել է 8 տեղամասերում, 3-ում՝ դատախազության,1-ում՝ «ժառանգություն» կուսակցության, 4-ում՝ «Օրինաց երկիր» կուսակցության միջնորդությամբ:

«Քվեների էական փոփոխություններ չեն արձանագրվել, եղել են տեղամասեր, որ զրոյական փոփոխություններ են կատարվել, ձայները 8-ի կտրվածքով ոչ էականորեն են փոխվել; «Բարգավաճ Հայաստանի քվեները իջել են 10-ով, Ժողովրդական կուսակցությանը` 7-ով: Ավելացել են ՀԱԿ-ի քվեները՝ 12 ով, ՀՅԴ-ինը ավելացել են 4-ով, ՀԱՍԿ-ինը` 2 ով, ՀՀԿ-ն իջել է 25-ով, ՕԵԿ-ինը 1-ով է ավելացել», - տեղեկացրեց Բախչագուլյանը:
XS
SM
MD
LG