Մատչելիության հղումներ

ԱԺ-ի ժամանակավոր հանձնաժողովը համաներման առաջարկ է ներկայացնելու նախագահին


Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդանական ժամանակավոր հանձնաժողովը համաներման առաջարկ է ներկայացնելու երկրի նախագահ Սերժ Սարգսյանին:

Հանձնաժողովի անդամներ Նաիրա Զոհրաբյանը («Բարգավաճ Հայաստան») եւ Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ) չորեքշաբթի երեկոյան հանձնաժողովին են ներկայացրել փաստաթուղթը:

«Ուզենք, թե չուզենք, մենք պիտի ընդունենք, որ ներքաղաքական լարվածությունը երկրում հիմնականում եւ բացառապես պայմանավորված են մարտի 1-ի գործընթացներով: Իմ առաջարկն է, որ շեշտադրումը արվի համաներման [վրա]՝ հիմնականում առանցքը ունենալով մարտի 1-ը», - ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Փաստաթուղթը ներառում է 4 կետ՝ հայտարարել ընդհանուր համաներում եւ, ինչպես, հինգշաբթի օրը հանձնաժողովի նիստում պարզաբանեց Արծվիկ Մինասյանը՝ «այդ ընդհանուր համաներման համատեքստում դիտարկել նաեւ մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ համաներման անհրաժեշտությունը»:

«Մյուս մասով մենք վկայակոչում ենք նաեւ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձեւերը, որով նույնպես կոչ էր արվում հայաստանյան իշխանություններին, որպեսզի կիրառվեն բոլոր հնարավոր իրավական մեխանիզմները եւ առանձին դեպքերում նաեւ քաղաքական լուծում տալու անհրաժեշտությունը: Այդ թվում նաեւ համաներման մասին է խոսվում», - շարունակեց Մինասյանը:

Փաստաթուղթն առաջարկում է համաներումը չտարածել միայն «Մարտի 1»-ի զոհերի մահվան համար անմիջական մեղավորների վրա:

«Կարեւորելով մարտյան դեպքերի հետ կապված մահացած անձանց մահվան հանգամանքներում դեռեւս էական առաջընթաց չարձանագրելը պետական մարմինների, հատկապես նախաքննական մարմնի կողմից, եւ նաեւ հետագայում որպեսզի չսահմանափակվի այս գործողություններ իրականացնելը, այդ գործողություններում մեղավոր անձանց նկատմամբ չկիրառվի համաներումը», - ասաց Դաշնակցական պատգամավորը:

Հանձնաժողովի անդամները փորձեցին Մինասյանից ճշտել, թե ինչ է դա ենթադրում, քանի որ «Մարտի 1»-ի զոհերի սպանության համար դեռեւս որեւէ մեղավոր բացահայտված չէ: Նրա հիմնավորումն այն էր, որ եթե Հատուկ քննչական ծառայությանը հանկարծ հաջողվի մեղավորներին հայտնաբերել, ապա դա [համաներումը] միանշանական նրանց վրա չի տարածվելու:

Արծվիկ Մինասյանը հստակեցրեց, որ համաներման իրենց առաջարկը վերաբերում է «Մարտի 1»-ի գործերով բոլոր 54 մեղադրվողներին, «7-ի գործին», ինչպես նաեւ հետախուզման մեջ գտնվող Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին եւ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին:

Հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը (ՀՀԿ) «Ազատություն» ռադիոկայանին ավելի ուշ տեղեկացրեց, թե որոշակի լրամշակումից հետո վաղը փաստաթուղթը կուղարկվի երկրի նախագահին:

Այսօրվա նիստում հրապարակվեց նաեւ ժամանակավոր հանձնաժողովի՝ նախագահի աշխատակազմին ուղղած գրության պատասխանը 2008-ի մարտի 1-ին նախագահի նստավայրում օպերատիվ շտաբի գոյության մասին հայտարարությունների առնչությամբ:

Ապրիլի 30-ին, հիշեցնենք, նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը հայտարարել էր, թե 2008-ի մարտի 1-ին նախագահի կողմից օպերատիվ շտաբ է ստեղծվել:

Սամվել Նիկոյանի դիմումին ի պատասխան, նախագահի օգնական Գեւորգ Կոստանյանը նշել է, թե նախագահի կողմից արտակարգ դրություն հայտարարելու կապակցությամբ նախագահի նստավայրում շտաբ չի ստեղծվել, հետեւաբար «շտաբ ստեղծելու, շտաբի գործունեության պլանների վերաբերյալ որեւէ փաստաթուղթ նախագահի աշխատակազմում առկա չէ»:

Համաներման առաջարկություններ ներկայացնելու կոչով հայաստանյան քաղաքական ուժերին, հասարակական գործիչներին, հանրային խորհրդին նախագահ Սերժ Սարգսյանը դիմել էր մայիսի 28-ին:

Առաջարկություններով նախագահին արդեն դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: Հանրային խորհուրդը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հունիսի 2-ին փոխանցել էր Ազգային ժողովի պետաիրակավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, հանրապետության նախագահին ներկայացրել է իր կարծիքը համաներում կիրառելու անհրաժեշտության վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG