Մատչելիության հղումներ

Դատախազությունը պահանջում է վերահաշվարկ 8 տեղամասերում եւ քրեական գործերի հարուցում


Գլխավոր դատախազությունը երկուշաբթի օրը գրավոր դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին` 8 տեղամասերում վերահաշվարկ կատարելու համար, ինչպես նաեւ հանձնարարել է քրեական գործեր հարուցել Մալաթիա-Սեբաստիա եւ Էրեբունի համայնքներում լրատվամիջոցների արձանագրած փաստերով:

«Ըստ հրապարակումների` մատնանշվում են կոնկրետ այն տեղամասերը, որտեղ կատարվել են լցոնումներ կոնկրետ մարդկանց ներկայությամբ, այսինքն` մատնանշվում են հստակ աղբյուրներ, եւ այդ հրապարակումների հիման վրա գլխավոր դատախազությունը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին թվով 8 տեղամասերում վերահաշվարկ կատարելու եւ դրանց արդյունքները դատախազություն ներկայացնելու համար», - «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:

Նա մանրամասնեց, որ առաջարկվել է վերահաշվարկ կատարել Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղակայված թիվ 8 ընտրատարածքի 3, 8, 9, 18, 19, 21, 22, 24 ընտրատեղամասերում. - «Մամուլի իրականացրած մոնիտորինգի արդյունքում առավելապես այս տեղամասերում էր խոսքը գնում, որ կատարվել են լցոնումներ, հստակ մատնանշվում էին նաեւ անձինք, ում ներկայությամբ են կատարվել այդ լցոնումները»:

Մամլո խոսնակի փոխանցմամբ` գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կողմից հանձնարարվել է նաեւ հարուցել քրեական գործ, մասնավորապես, Մալաթիա-Սեբաստիա համայնքի տարբեր տեղամասերում լցոնումների, լրագրողների, դիտորդների նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումների կապակցությամբ, իրականացնել նախաքննություն` մատնանշված հանգամանքները պարզելու, ընտրախախտում կատարած անձանց ի հայտ բերելու եւ նրանց պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար: Քրեական գործով նախաքննությունը կիրականացնի Հատուկ քննչական ծառայությունը:

Միաժամանակ, ըստ Սոնա Տռուզյանի, մեկ այլ քրեական գործ հարուցելու հանձնարարական է տրվել Էրեբունիում տեղակայված թիվ 9/1 ընտրատեղամասում լրագրողների հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ. - «Չորրորդ իշխանություն»-ից երկու հոգի, «Հայք» թերթից կային լրագրողներ, մի քանի լրագրողների մասին էր խոսքը»:

Տռուզյանը հայտնեց նաեւ, որ կիրակի օրվա ընթացքում գլխավոր դատախազությունը որեւէ գրավոր հաղորդում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ չի ստացել. - «Մի քանի ահազանգեր գրավոր ստացել են ոստիկանության մարմինները, որոնց ուղղությամբ ստուգումներ իրականացվել են, բայց դրանք եղել են անհամեմատ քիչ թվով»:
XS
SM
MD
LG