Մատչելիության հղումներ

Արմեն Մարտիրոսյան. «Երեւանի ավագանու առաջին ընտրությունը տապալվեց»


Ընտրություններն ավարտված են
Ընտրություններն ավարտված են

Երեւանի ավագանու ընտրություններին Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի տված գնահատականը «խիստ բացասական է»: «Մենք առաջին ընտրությունը Երեւան քաղաքի ավագանու տապալեցինք վերջնական եւ խայտառակ կերպով», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա:

«Առաջին հերթին, ուղղորդված քվեարկություն սկզբից մինչեւ վերջ տեղի ունեցավ: Կոնկրետ անձինք կային, որ կոնկրետ հասցեներով աշխատում էին, այդտեղից մարդկանց տեղափոխում էին հատուկ հատկացված մեքենաներով, բերում էին տեղամաս: Այդ անձանց հետ նորից տեղամասում աշխատում էին հատուկ նշանակված դիտորդներ, վստահված անձեր, հանձնաժողովի անդամներ, որոնք մինչեւ քվեախցիկ նրանց ուղղորդած տանում էին եւ նույնիսկ որոշ դեպքերում նաեւ հենց քվեախցիկում էին ուղղորդում, թե ինչպես պետք է քվեարկեն: Մի խոսքով, սա ուղղորդված քվեարկություն էր, որը քվեարկություն ասածի հետ ընդհանրապես կապ չուներ», - ասաց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը:

Երկրորդը, ըստ նրա, բռնությունների բազմաթիվ դեպքերն են: «Ես կարծում եմ, որ ոստիկանությունը ուղղակի խայտառակ աշխատեց», - հայտարարեց Մարտիրոսյանը` որպես ասվածի լավագույն ապացույց վկայակոչելով այն օրինակը, երբ ոստիկանությունը հայտարարել էր, թե Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը չի ապտակել հանձնաժողովի նախագահին, մինչդեռ Զոհրաբյանը ինքը հաստատել է այդ փաստը` բացատրելով իր արարքի պատճառները:

«Արդեն իսկ միայն այս վառ օրինակով պարզ է, որ ոստիկանությունը, այդ թվում դատախազությունը, որեւէ նմանատիպ բռնության հետ կապված որեւէ տրամաբանական պատասխան չէր կարող տալ, չտվեց եւ դրանով իսկ օրինականության ապահովումը իրենց գծով իսպառ բացակայեց», - ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

«Այս ամենին գումարվեցին նաեւ ընտրակաշառքները, այս ամենին գումարվեցին նաեւ լցոնումները, հատկապես երեկոյան` խայտառակ լցոնումները Դավիթաշենում, Մալաթիայում», - ասաց Արմեն Մարտիրոսյանը` եզրակացնելով. - «Սա ցույց է տալիս, որ իշխանությունները այս անգամ եւս ոչ թե չկարողացան վերահսկել ընտրությունները, նորմալ ընտրություններ կազմակերպել, ոչ թե թերացան, այլ ուղղորդված ձեւով, միտումնավոր, իրենք կազմակերպեցին խախտումները, իրենք հիմք դարձան այս խախտումների ամբողջ համակարգված մեխանիզմին»:

«Ժառանգություն» կուսակցությունը ներկայացված է ընտրական հանձնաժողովներում, կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամները մի քանի տասնյակ տեղամասերում արձանագրել են խախտումների փաստեր:
XS
SM
MD
LG