Մատչելիության հղումներ

ՀՀԿ. «Ընտրությունները հիմնականում համապատասխանում էին ժողովրդավարական չափանիշներին»


Հայաստանի հանրապետական կուսակցությունը եւ Երեւանի ավագանու ընտրություններում կուսակցության նախընտրական շտաբը թե’ քաղաքական ուժերի ծավալած նախընտրական արշավը եւ թե’ մայիսի 31-ին տեղի ունեցած բուն ընտրական պրոցեսը գնահատում են «նորմալ, ժողովրդավարական չափանիշներին հիմնականում համապատասխանող, ինչու չէ` նաեւ քայլ առաջ»: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին ասաց կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Այս ընթացքում ավելի շատ հավասար հնարավորություններ էին տրվել լրատվամիջոցներով բոլոր քաղաքական կուսակցություններին, ովքեր մասնակցում էին, հասարակությունը հնարավորություն ունեցավ հետեւել քարոզարշավին, հնարավորություն ունեցավ լսել բոլոր քաղաքական ուժերի կարծիքները, ծրագրերը», - պարզաբանեց Շարմազանովը` հավելելով. - «ե’ւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ե’ւ ոստիկանությունը, ե’ւ դատախազությունը, ինչու չէ` նաեւ կուսակցությունների ներկայացուցիչները եւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները բավականին օպերատիվ աշխատանք կատարեցին»:

«Այո, եղան որոշակի դեպքեր, որտեղ կային թերություններ, բայց հիմնականում լցոնման դեպքեր, կրկնակի քվեարկության դեպքեր` այն պրոբլեմները, որոնք կային ընտրական պրոցեսներում, այսօր արդեն դրանք հիմնականում չկային», - վստահեցրեց իշխող կուսակցության խոսնակը:

Նրա խոսքերով, «անկախ արդյունքից` Հանրապետական կուսակցությունը գտնում է, որ այս ընտրական պրոցեսը համապատասխանում է մեր երկրի ստանձնած պարտավորություններին, եւ մենք կարող ենք փաստել, որ հիմնականում դրանք նորմալ ընտրություններ էին` օրենքի սահմաններում»:

Հիշեցմանը, որ ընտրական հանձնաժողովներում ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները տարբեր տեղամասերում արձանագրել են լցոնման դեպքեր, Շարմազանովը հակադարձեց. - «Ես ասացի` հիմնականում համապատասխանում էին ժողովրդավարության չափանիշներին, մեր երկրի ստանձնած պարտավորություններին: Ընտրությունը ինքը կենդանի պրոցես է, կարող են լինել նաեւ թերություններ: Ես չեմ արդարացնում այդ թերություններն ու խախտումները. դրա համար կա իրավապահ համակարգ, իրավապահ մարմիններ, որոնք արձագանքում են դրան, եւ մեզ համար օրինականության ցանկացած խախտում անընդունելի եւ դատապարտելի է: Բայց համեմատության մեջ նայելով` ես կարծում եմ, որ որեւէ համատարած լցոնման դեպք, որեւէ համատարած ընտրակեղծիքներ չեն եղել, իսկ եթե որեւէ մեկը ունի փաստեր, այդ թվում նաեւ «ժառանգության» մեր գործընկերները, կարող են դիմել համապատասխան մարմիններին` կա’մ Կենտրոնական ընտրական հանձնաժողով, կա’մ իրավապահ մարմիններին»:

«Ավելին ասեմ` օրվա ընթացքում բազմաթիվ կեղծ տեղեկություններ հրապարակվեցին, որ իբր թե եղել են խախտումներ, բայց մենք հետո տեսանք, որ դրա տաք հետքերով` ե’ւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը խոսեց, ե’ւ ոստիկանության եւ դատախազության ներկայացուցիչը, երկու դեպքում ես եմ անձամբ հերքել փաստեր, որոնք իրականում տեղի չեն ունեցել: Մենք տեսանք, որ շատ դեպքերում տեղի է ունենում նաեւ կեղծ ինֆորմացիա եւ կեղծ հակաքարոզչություն», - ամփոփեց Հանրապետականի խոսնակը:
XS
SM
MD
LG