Մատչելիության հղումներ

Լեւոն Զուրաբյան. «Իշխանությունները անցկացրին հերթական կրիմինալ ընտրությունները»


ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը քարոզարշավի առաջին օրը գլխավորում է ընդդիմության երթը
ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը քարոզարշավի առաջին օրը գլխավորում է ընդդիմության երթը

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի բնորոշմամբ՝ Հայաստանի իշխանությունները անցկացրեցին հերթական «կրիմինալ ընտրությունները»։

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը կիրակի ուշ երեկոյան լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե Հայաստանի իշխանությունները անցկացրեցին հերթական «կրիմինալ ընտրությունները»։

«Այս ընտրությունները բնութագրվում են համատարած կաշառքներով», - հավելեց Զուրաբյանը: - «Չնայած այս բոլոր խայտառակ, կրիմինալ դրսեւորումներին, մենք վստահ ենք, որ, այնուամենայնիվ, այն ձայները, որ այս պահին գոյություն ունեն քվեատուփերում, մենք գտնվում ենք հաղթանակած վիճակում: Հենց այս պատճառով, մենք ակնկալում ենք, որ կլինեն նորանոր խախտումներ, նորանոր հարձակումներ»:

Զուրաբյանը հույս հայտնեց, որ իրենց վստահված անձինք եւ հանձնաժողովի անդամները կպայքարեն եւ կկարողանան պահպանել իրենց հաղթանակը. - «Ընտրարշավի արդյունքում ձեւավորված ձայների համամասնությունը այնպիսին է, որ մենք վստահաբար մեծ պաշարով անցնում ենք 40 տոկոսանոց բարիերը՝ մոտավորապես 65-70-ի մոտ: Մեր հավարկներով, այն ընտրակեղծիքները, որ այսօր կիրառվել են, կարող են տեղավորվել հենց այդ պաշարի սահմաններում»:

ՀԺԿ-ի ներկայացուցիչ Գրիգոր Հարությունյանը Երեւանի ավագանու ընտրությունները նմանեցրեց Հայաստանում անցկացված նախորդ բոլոր ընտրություններին. - «Ընտրություններին ժամանակ միանշանակ զգացվում էր, որ «տեր ու տիրականը» մեր քաղաքում, մեր երկրում, դա քրեական տարրն է, եւ ցավալի է, որ կոորդինացվում է Ազգային ժողովի պատգամավորների կողմից»:

Կիրակի ուշ երեկոյան ասուլիս էր հրավիրել նաեւ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանը:

Նա ընտրությունները որակեց «վերին աստիճանի անկարգապահ». - «Կենտրոնական ընտրական հանձնաժողովից սկսած՝ ո’չ տարածքային, ո’չ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներն ու նախագահները որեւէ ձեւով պատասխանատվություն չեն զգում պետական այս կարեւոր միջոցառման նկատմամբ»:

«Ժառանգության» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «խիստ բացասական» գնահատական տվեց ընտրություններին:

«Ընտրությունը Երեւան քաղաքի ավագանու տապալեցինք վերջնական եւ խայռատակ կերպով», - ասաց նա: - «Առաջին հերթին պետք է նշեմ, որ ուղղորդված քվեարկություն տեղի ունեցավ սկզբից մինչեւ վերջ… որը քվեարկություն ասածի հետ ընդհանրապես կապ չուներ: Երկրորդ, բռնությունների բազմաթիվ դեպքերը, որոնք արձանագրվել են: Ես կարծում եմ, որ ոստիկանությունն ուղղակի խայտառակ աշխատեց: Այս ամենին գումարվեց նաեւ ընտրակաշառքները, այս ամենին գումարվեց նաեւ լցոնումները՝ հատկապես երեկոյան խայտառակ լցոնումները Դավիթաշենում, Մալաթիայում»:

«Սա ցույց է տալիս, որ իշխանությունները այս անգամ եւս ոչ թե չկարողացան վերահսկել ընտրությունները, ոչ թե թերացան, այլ ուղղորդված ձեւով, միտումնավոր իրենք կազմակերպեցին խախտումները, իրենք հիմք դարձան այս խախտումների ամբողջ համակարգված մեխանիզմին», - եզրափակեց Արմեն Մարտիրոսյանը:
XS
SM
MD
LG