Մատչելիության հղումներ

Ահազանգեր խախտումների մասին


Առավոտյան Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հաղորդագրություն է տարածել, որում ահազանգում է ընտրական գործընթացում արդեն իսկ իր կողմից արձանագրված խախտումների եւ բռնությունների մասին:

Մասնավորապես, ըստ հաղորդագրության, ժամը 8:00-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 7/08 ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովում Դատական դեպարտամենտի ներկայացուցիչ Գոռ Սիսակյանը ծեծի է ենթարկել հանձնաժողովում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցչին եւ ՀԱԿ-ի վստահված անձին ու տեղամասից դուրս հանել:

Ժամը 10:00-ի սահմաններում, նույն համայնքի 8/02 տեղամասում հանձնաժողովի նախագահ Վարդան Վարդանյանը նախ խոչընդոտել է ՀԱԿ-ի վստահված անձ Արմեն Աբրահամյանի աշխատանքը, ապա ծեծի ենթարկել նրան:

Ժամը 10:25-ի սահմաններում Կենտրոն համայնքի 9/01 ընտրատեղամաս է ներխուժել Ազգային ժողովի պատգամավոր Լեւոն Սարգսյանը եւ հրահանգել թիկնապահներին դուրս հանել «Չորրորդ իշխանություն», «Հայք», «Ժամանակ Երեւան» թերթերի լրագրողներ Գոհար Վեզիրյանին, Տաթեւ Մեսրոպյանին եւ Մարինե Խառատյանին: «Ի պատասխան լրագրողների հարցումներին` թիկնապահներն ու նրանց պարագլուխները լրագրողներին ծեծի են ենթարկել, խլել նրանց ձայնագրիչներն ու հեռախոսները եւ դուրս են հանել ընտրատեղամասից: Այդ ամենը զուգորդվել է սեռական բնույթի հայհոյանքներով», - տեղեկացնում է ՀԱԿ-ը:

Տարբեր համայնքներում ՀԱԿ-ը արձանագրել է ընտրակաշառքների բաժանում, տաքսիներով եւ երթուղային տաքսիներով ընտրողների խմբակային փոխադրումներ ընտրատեղամասեր, այլ բնակավայրերից, մասնավորապես` Գյումրի քաղաքից մարդկանց փոխադրում Երեւան` քվեարկությանը մասնակցելու նպատակով, ծեծկռտուքներ եւ քաշքշուկներ, բաց քվեարկության, ընտրական հանձնաժողովներում ընդդիմության ներկայացուցիչների եւ ընդդիմության վստահված անձանց աշխատանքները խոչընդոտելու դեպքեր:

Ժամը 10:30-ի սահմաններում ահազանգ էր ստացվել «Ժառանգություն» կուսակցության գրասենյակում, որ թիվ 114 դպրոցում տեղակայված 10/20 ընտրական տեղամասում Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) վստահված անձը ուղղորդում է ընտրողներին: Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի եւ «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի ներկայությամբ ՀՀԿ-ի վստահված անձ Դավիթ Սիմոնյանը շարունակում էր ուղղորդել ընտրողներին, նա նույնիսկ վիճում էր «Հայք» օրաթերթի լրագրող Մարինա Փարսադանյանի հետ: Փաստը տեղամասի գրանցամատյանում արձանագրեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը:

Աջափնյակ համայնքի մի շարք ընտրատեղամասերի մերձակա տարածքներում միանման` կանաչ մարզաշապիկներ հագած երիտասարդներ էին կանգնած, որոնք թուղթ ու գրիչները ձեռքներին ինչ-որ նշումներ էին անում: Շապիկները կրում էին լատինատառ ARMENIA գրությունը: Երիտասարդները հրաժարվում էին մեկնաբանություններ տալ «Ազատություն» ռադիոկայանին եւ խոսափողը տեսնելուն պես արագ հեռանում էին: Կեսօրին մոտ թիվ 155 դպրոցում տեղակայված ընտրատեղամասերի առջեւի կանաչ շապիկավորներից մեկը, հրաժարվելով ձայնագրվել, խոստովանեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից է: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչ նշումներ է անում, պատասխանեց. - «Նայում եմ, թե մեր կուսակցությունից ով եկավ ու ինչ արեց»: Քիչ անց նրան մոտեցան ոստիկաններն ու առաջարկեցին կանգնել տեղամասից առնվազն 50 մետր հեռավորության վրա:

«Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը օրվա ընթացքում զգալի թվով կանաչ շապիկավոր երիտասարդների հանդիպեց նաեւ Աջափնյակի թիվ 126 դպրոցում տեղակայված թիվ 6/03 եւ 6/04 ընտրատեղամասերի մերձակայքում: Բոլորն էլ նշումներ էին կատարում: Ի պատասխան հարցի, թե ինչ են անում, երիտասարդներից մեկը ասաց. - «Սրանք անձնական ցուցակներ են, լավ, էլի, խնդրում եմ, հեռու գնացեք»:

Բազմաթիվ ընտրատեղամասերի մերձակայքում մեծ թվով առանց պետհամարանիշների միկրոավտոբուսներ կային: Վարորդներից եւ ուղեւորներից մի քանիսը, հրաժարվելով ձայնագրվել, «Ազատություն» ռադիոկայանին ասացին, թե «որքան գիտենք` Հանրապետականի մարշուտկեքն են»:

Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակը գլխավորող` Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը կեսօրից հետո լրագրողներին ներկայացրեց մինչեւ ժամը 12:30 ՀԱԿ-ի կենտրոնական շտաբում արձանագրված խախտումները` դրանք ըստ բնույթի բաժանելով երեք խմբի. առաջին, որ տարբեր տեղամասերում ծեծի են ենթարկվել լրագրողներ, ՀԱԿ-ի վստահված անձինք; երկրորդ, որ միկրոավտոբուսներով մարզերից քաղաքացիներ են տեղափոխվում Երեւան` մասնակցելու քվեարկությանը; երրորդ` կրկնակի քվեարկություններ, բաց քվեարկություններ, լցոնումներ:

Հայ ազգային կոնգրեսի տրամադրած տեղեկությունների համաձայն` «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» կազմակերպության դիտորդը Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 8/05,06,07 տեղամասերում կուտակումներ եւ լցոնման դեպք է արձանագրել:

Ավան համայնքի թիվ 2/28 ընտրական տեղամասում բացահայտվել է ժամկետային զինծառայող Վարդան Գյուրջանյանի քվեարկության փորձ: ՀԱԿ-ի տվյալներով` Գյուրջանյանը զինվորական համազգեստով եւ զինվորական գրքույկով ներկայացել է ընտրությունների եւ հայտարարել, որ իրեն ուղարկել են Լեռնային Ղարաբաղի Մարտունու թիվ 3 զորամասից: Նա նաեւ հավելել է, որ Երեւանի հաշվառում ունեցող իր բոլոր ընկերներին էլ ուղարկել են մասնակցելու ընտրություններին: «Ժառանգության» ներկայացուցիչը տեղամասային ընտրական հանձնաժողովում, ինչպես նաև ՀԱԿ-ի վստահված անձը պահանջել են գրանցել խախտումը, սակայն հանձնաժողովը չի գրանցել:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք թվարկված մյուս խախտումները գրանցվե՞լ են կոնկրետ հանձնաժողովներում, եւ Հայ ազգային կոնգրեսը դիմում-բողոք ներկայացնելո՞ւ է Կենտրոնական ընտրական հանձնաժողով, Արման Մուսինյանը պատասխանեց. - «Մենք հնարավոր բոլոր տեղերում անելու ենք, բայց եղել են դեպքեր, երբ մեր բողոքները հանձնաժողովի նախագահի միտումնավոր գործողությունների հետեւանքով չեն գրանցվել: Այդուամենայնիվ, բոլոր հնարավոր միջոցները սպառելու ենք` ոստիկանություն կանչելու, արձանագրություն կազմելու, գլխավոր դատախազություն եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմելու»:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունը ընտրությունների ընթացքի մասին հաղորդագրությություն է տարածել, որում ասված է. - «Երեւանի ավագանու ընտրությունների բնականոն գործընթացը շարունակվում է: Ընտրությունների ընթացքում արձանագրված օրինախախտումների վերաբերյալ ահազանգերը գտնվում են ոստիկանության վերահսկողության տակ, հանգամանքները ճշտվում են: Արդյունքների մասին տեղեկատվությունը կհրապարակվի առաջիկայում»:

Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել նաեւ լրագրողների նկատմամբ բռնությունների առնչությամբ` հայտնելով. - «Մայիսի 31-ին, ժամը 10:45-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասից ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ իրենց է զանգահարել «Հայք» թերթի խմբագիր Գեղամ Նազարյանը եւ հայտնել, որ Նալբանդյանի անվան դպրոցում գտնվող թիվ 9/1 ընտրատեղամասում Ազգային ժողովի պատգամավոր Լեւոն Սարգսյանի թիկնապահները ծեծել են «Հայք»-ի լրագրողներին: Դեպքի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնում նախապատրաստվում են նյութեր, հանգամանքները ճշտվում են»:
XS
SM
MD
LG