Մատչելիության հղումներ

Ալիկ Սարգսյան. «Չեմ գտնում, որ մեր աշխատանքը պետք է գովազդի վերածենք»


Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի բնակարանի հարեւանությամբ անցած շաբաթավերջին տեղի ունեցած պայթյունի փաստով «բոլոր միջոցառումները ձեռնարկված են, համարեք, որ հանցագործությունը բացահայտված է», - «Ազատություն» ռադիոկայանին հինգշաբթի օրը ասաց Հայաստանի ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը:

«Շուտով երեւի թե հաղորդագրություն կլինի, աշխատում ենք այս պահին: Մեր մոտ մարդիկ կան, որոնք ուղիղ առնչություն ունեն գործի հետ, աշխատում ենք», - ասաց ոստիկանապետը:

Փետրվարին Հայաստանի ոստիկանապետի տեղակալ Գեւորգ Մհերյանի սպանության գործի քննության առնչությամբ Ալիկ Սարգսյանը փոխանցեց. - «Այս պահին աշխատանքները թարմացրել ենք, որոշակի հաջողություններ ունենք, աշխատում ենք»:

«Այդ մեկը բացահայտված չէ, բայց շատ սպանություններ բացահայտել ենք արդեն», - ասաց ոստիկանապետը` մանրամասնելով. - «Վերջին ժամանակահատվածում կատարված 9 սպանություններից 7-ը արդեն բացահայտված են, մեկն էլ այսօր-վաղը կբացահայտվի»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե որո՞նք են այդ 9 սպանություններից առավել հնչեղները, ոստիկանապետը արձագանքեց. - «Դե, օրինակ, Ամերիկայի քաղաքացու` Նազարեթ-Հակոբ Բերբերյանի գործը, հնչեղ գործ է շատ: Մնացած գործերը` ավազակային հարձակում, որը ուղղորդվել է սպանությամբ` երեք այդպիսի հանցագործություն ենք բացահայտել, աղջկա մասնատված դիակը հայտնաբերելուց հետո հանցագործությունը տաք հետքերով բացահայտում ենք արդեն»:

«Շատ գործեր ունենք, որոնք իրոք արժանի են մեկնաբանման, ուղղակի ոնց որ թե մենք էլ մի քիչ պասիվություն ենք դրսեւորում, կատարվածը չենք կարողանում ժամանակին ներկայացնել, բայց մեկ դեպքը, որը հասարակական հնչեղություն է ձեռք բերում, ամբողջ մամուլով սկսում են արծարծել ու թիրախ դարձնել ոստիկանությունը: Ցավում եմ, բայց, միաժամանակ, չեմ էլ գտնում, որ պետք է ամեն ինչը գովազդի վերածենք` մեր աշխատանքը: Մենք մեր աշխատանքը նորմալ, պատշաճ մակարդակով կատարում ենք, բայց հատուկ գովազդի խնդիր առայժմ չեմ տեսնում: Ժողովուրդը կգնահատի», - ասաց Ալիկ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG