Մատչելիության հղումներ

Մեթյու Բրայզան ղարաբաղյան կարգավորման հարցում «նշանակալի առաջընթաց» է ակնկալում


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզա
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզա

«Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը, անշուշտ, շատ կարեւոր քայլ է ղարաբաղյան կարգավորման ճանապարհին, եւ մենք տարածաշրջանում ենք, որպեսզի առաջ մղենք հարցի լուծումը», - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարեց ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան։

Ուրբաթ մեկնարկում է Մինսկի խմբի տարածաշրջանային հերթական այցը, որի նպատակն է նախապատրաստել նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը, որը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հունիսի 4-ին` Սանկտ Պետերբուրգում:

Երեք համանախագահները վաղը կլինեն Բաքվում։ Այսօր Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան Երեւանում հանդիպել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

«Նախագահները Պրահայում նշանակալի առաջընթաց գրանցեցին եւ ես նույնն եմ ակնկալում Սանկտ Պետերբուրգում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Բրայզան, ով հինգշաբթի օրը աշխատանքային այցով գտնվում էր Երեւանում: - «Հույս ունեմ առաջիկա մի քանի ամիսներին աշխարհը կտեսնի, որ նրանք շրջադարձային քայլ են կատարել»:

Ըստ Մեթյու Բրայզայի, եթե այդ հանդիպումը կայանա, նախագահները կփորձեն ամբողջացնել որոշ հիմնարար սկզբունքների համաձայնեցումը. - «Համենայն դեպս, ես հույս ունեմ, որ նրանք ընդհանուր լեզու կգտնեն ինչպես դեռեւս չհամաձայնեցված հիմնարար սկզբունքների, այնպես էլ նրբերանգների հարցում։ Մինչ այժմ երկու նախագահները շատ էական առաջընթաց են ապահովել կոնցեպտուալ հարցերի համաձայնեցման ուղղությամբ, բայց դրանց վերջնական ամբողջացման համար էական են նաեւ նրբությունները»։

«Անշուշտ, մենք չենք ակնկալում, որ այդ հանդիպման ժամանակ փոխհամաձայնություն կկայա բոլոր հիմնարար սկզբունքների շուրջ, սակայն հույս ունենք, որ այդ գործընթացը քայլ առ քայլ կզարգանա», - ասաց ամերիկացի համանախագահը։

Օրերս Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել էր, թե Սերժ Սարգսյանի` Հայաստանի նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր ղարաբաղյան գործընթացում որեւէ առաջընթաց չի ապահովվել: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք այսպիսի հայտարարությունները չեն հակասում Մեթյու Բրայզայի լավատեսական հայտարարություններին, Բրայզան պատասխանեց, թե դրանք չեն արտացոլում ղարաբաղյան խաղաղ կարգավորման բանակցությունների իրական պատկերը, հավելելով. - «Դա նորմալ է: Երբ ասենք, մի կողմից հնչում է, որ առաջընթաց չկա, իսկ մյուս կողմից նման բան չի հնչում։ Դա կողմերի մարտավարությունն է. նրանցից յուրաքանչյուրը փորձում է ազդել մյուսի վրա։ Իսկ մեր աշխատանքն այստեղ այն է, որ նպաստենք գործընթացի առաջխաղացմանը»:

Ավանդական հարցին. հնարավո՞ր է ղարաբաղյան կարգավորման համաձայնագրի ստորագրում ակնկալել այս տարի, Բրայզան պատասխանեց. - «Էական չէ, թե ես ինչ կասեմ։ Դա կախված է նախագահների առաջիկա հանդիպումից։ Նրանք կարող են այդ համաձայնագիրը ստորագրել թեկուզ վաղը, եթե նման ցանկություն ունենան»։

Հարցին, թե արդյո՞ք Թուրքիայի վարչապետ էրդողանի հայտարություններից հետո, որով վերջինս հայ-թուրքական սահմանի բացման հարցը կապեց ղարաբաղյան կարգավորման հետ, բանակցությունները հայտնվել են փակուղում, Բրայզան արձագանքեց. - «Ոչ, դրանք փակուղում չեն: Դուք գիտեք, որ կողմերը ներգրավված են ակտիվ քննարկումների մեջ։ Հայ- թուրք-շվեյցարական համատեղ հայտարարության հետ կապված այժմ շատ բանավեճեր են ընթանում ինչպես Թուրքիայում, այնպես էլ Ադրբեջանում։ Հայաստանում եւս մարդիկ հարցեր են բարձրացնում. պե՞տք է արդյոք համաձայնագիր Թուրքիայի հետ, թե՞ ոչ։ Բոլորն էլ իրենց մտահոգությունների համար տարբեր հիմնավորումներ ունեն։ Վարչապետ էրդողանն արեց իր մեկնաբանությունը, բայց Միացյալ Նահանգներում այն կարծիքին են, որ հայ-թուրքական եւ ղարաբաղյան բանակցությունները զուգահեռ, բայց միմյանցից անջատ գործընթացներ են: Այդ գործընթացները տարբեր հունով ու արագությամբ են առաջ ընթանում, եւ եթե դրանցից մեկում արձանագրվի հաջողություն, ապա, անշուշտ, դա կնպաստի նաեւ զուգահեռ գործընթացի առաջընթացին։ Եւ հակառակը»։

Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ չի հրապարակվում ճանապարհային քարտեզը, Բրայզան նշեց, թե այդ հարցը պետք է ուղղել հայկական եւ թուրքական կողմերին` հավելելով. - «Բայց ես հույս ունեմ, որ այն շուտով կհրապարակվի»։

Այն հարցի առնչությամբ, որ Հայաստանի նախագահը երկրի ներսում քննադատության է արժանանում, քանի որ չի դադարեցնում հայ-թուրքական բանակցությունները նույնիսկ էրդողանի վերոհիշյալ հայտարարությունից հետո, Բրայզան նշեց. - «Քննադատողները չեն հասկանում, թե ինչ է տեղի ունենում։ Դա իրականության ոչ ճիշտ ներկայացում է։ Ոչ հայկական, ոչ էլ թուրքական կողմերը դեռ ոչինչ չեն կորցրել ու ոչինչ չեն շահել, քանի որ համաձայնագիրը դեռ չի իրագործվել։ Դեռեւս որեւէ հանձնաժողով չի ստեղծվել։ Նաեւ նշեմ, որ եթե հայ-թուրքական հաշտեցումը կայանա, Հայաստանը շատ մեծ օգուտ կստանա հարեւանի հետ նորմալ հարաբերություններից»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG