Մատչելիության հղումներ

Ռուս փորձագետի կարծիքով ռուսական վարկի գինը Հայաստանի համար չափազանց մեծ է


Հաշվի առնելով 5 տարվա արտոնյալ ժամանակը՝ Հայաստանը տարեկան պետք է մարի 50 միլիոն դոլարից քիչ ավելի:

«Իհարկե, պահուստների առկայությունը իջեցնում է ֆինանսատնտեսական ճգնաժամին դիմակայելու քաղաքական կամքը։ 500 միլիոն՝ Արժույթի միջազգային հիմնադրամից, 500 միլիոն՝ Ռուսաստանից, էլի ինչ-որ գումար Համաշխարհային բանկից. ստանում եք մոտ 2 միլիարդ դոլար ու մտածում` կապրենք։ Կարծում եմ, սա սխալ դիրքորոշում է, որը երկարաժամկետ լուծումներ չի առաջարկում», - ասաց ռուսաստանցի փորձագետը։

«Միեւնույն ժամանակ», - շարունակեց Ալեքսաշենկոն, - «հրաժարվել վարկերից սխալ է, պարզապես դա չպետք է դառնա կառավարության հակաճգնաժամային քաղաքականության հիմքն ու միակ հույսը: Հիմնական հույսը տնտեսությունն է, բիզնեսը պետք է աշխատի, ավելի շատ եկամուտ ստանա եւ աշխատատեղեր ստեղծի։ Քանի դեռ բիզնեսը չունի արդյունաբերությունը զարգացնելու խթաններ, տնտեսությունը հազիվ թե վերականգնվի։ Այսինքն` բյուջեն կարող է գոյատեւել, բայց տնտեսությունը չի ապրի»։

Անցած շաբաթ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը տեղեկացրեց, թե ռուսական վարկով ստացվող 500 միլիոն դոլարի միջոցների առյուծի բաժինը ուղղվելու է այս տարվա պետբյուջեով նախատեսված զարգացման ծրագրերի իրականացմանը։ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ հայտարարեց, թե կառավարությունը մտադիր է զգալի հատկացումներ կատարել փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը:

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյան խոսքով, սակայն, լիովին պարզ չէ` որ ոլորտներ կուղղորդվեն վարկային միջոցները եւ ինչ ձեռնարկություններ այն կստանան. - «Թող ինձ ցույց տան, ուր է ուղղվելու: Ինձ հասել է, որ, ասենք, «Նաիրիտ»-ի պարտքերն են փակելու: Կա՞ կառուցվածը՝ 500 միլիոնը ինչի վրա է ծախսվելու: Այդպիսի թուղթ գոյություն ունի՞»:

Հայաստանում վարկային համաձայնագիրը, ըստ նրա, դեռեւս համապատասխան իրավական վավերացում չի ստացել՝ Ազգային Ժողովում չի հաստատվել եւ Սահմանադրական դատարանի եզրակացությունը չի ստացել:

Էկոնոմիկայի նախկին նախարար Արմեն Եղիազարյանը ճգնաժամի պայմաններում կառավարության արտաքին փոխառնությունների քաղաքականությունը համարում է ճիշտ, իսկ պարտքային ֆինանսավորումը` ավելի ռացիոնալ։ Հայաստանի արտաքին պարտքն այս տարվա հունվարի 1-ի դրությամբ, ըստ նրա, 1 միլիարդ 900 միլիոն դոլար է, եւ Հայաստանը դասվում է միջինից ցածր արտաքին պետական պարտք ունեցող երկրների շարքին:

«Ես կարծում եմ, ինչ-որ սահման կա: Էմպիրիկ սահմանը ՀՆԱ-ի 60 տոկոսն է: Մենք առայժմ դրա մեկ երրորդն ենք: Մինչեւ այդ սահմանին հասնելը երկիրը շատ մեծ վտանգ չունի: Բայց այսօրվա վիճակով ճիշտը պարտք վերցնելն է», - հավելեց Եղիազարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG