Մատչելիության հղումներ

Կաննի կինոշուկայում Հայաստանի տաղավարը «մշտապես ակտիվ է եղել»


Հայաստանն այս տարի առաջին անգամ մասնակցեց Կաննի հեղինակավոր կինոփառատոնի շրջանակներում անցկացվող կինոշուկային՝ ներկայացնելով շուրջ երկու տասնյակ գեղարվեստական կարճամետրաժ ու վավերագրական ֆիլմեր: Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմում է իր տպավորությունների մասին:

Գեւորգյանը նախ նշեց, որ Հայաստանի տաղավարը ողջ փառատոնի ընթացքում մշտապես բավական ակտիվ է եղել:

Հարցին, թե որեւէ ֆիլմ վաճառվել է Ազգային կինոկենտրոնի տնօրենը արձագանքեց. - «Մենք չէինք ակնկալում, որ ֆիլմերը պիտի գնանք ու վաճառենք… Մենք առաջին հերթին գնացինք ծանոթանալու, փորձ ձեռք բերելու, սովորելու, եւ ես հասկացա, որ մենք շատ, շատ, շատ բաներ ունենք սովորելու»:

Նա հավաստիացրեց, որ նույն սխալները չեն կրկնի, եթե հնարավորություն ստեղծվի հաջորդ տարի մասնակցելու Կաննի կինոշուկային. - «Հիմա մենք ունեինք տաղավար եւ կինոդահլիճներ կարող էինք վերցնել, հրավիրել, ցուցադրել ֆիլմերը: Բայց մենք չգիտեինք, որ դեռ 6 ամիս առաջ մենք պիտի կինոդահլիճները արդեն վարձեինք, օրերը, ժամերը նշանակեինք, բոլոր պրոդյուսերներին, դիստրիբյուտորներին նախապես հայտնեինք… Մենք տեղում դա փորձեցինք անել, բայց արդեն ուշ էր»:

Գեւորգյանը հատկապես շեշտեց այն բազմաթիվ կապերը, որ հաստատվեցին տարբեր երկրների կինոմասնագետների հետ, խոսեց առաջարկների մասին, որ տարբեր կինոփառաոնի մասնակցելու առաջարկների, համատեղ կինոնկարահանումների մասին:

«Մենք ներկայացրել էին առանձին գրքով այն պրոյեկտները, որոնք ընթացքի մեջ են, նոր պետք է սկսվեն: Շատ մեծ էր հետաքրքրությունը այդ պրոյեկտների նկատմամբ», - հավելեց նա՝ հույս հայտնելով որ առաջիկայում կլինեն արձագանքներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG