Մատչելիության հղումներ

Ոչ ժամկետային զինծառայողները կմասնակցեն քվեարկությանը


Ըստ ԿԸՀ-ի՝ հինգշաբթի օրը ընդունած որոշման, Երեւանի ավագանու ընտրություններում ոչ ժամկետային զինծառայողների քվեարկությունը կազմակերպելիս պետք է առաջնորդվել ոչ թե Ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի 6-րդ կետով, որը արգելում է զինվորականների մասնակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, ոչ թե Սահմանադրության 8-րդ հոդվածի 2-րդ կետով, ըստ որի քաղաքական հարցերում զինված ուժերը պետք է պահպանեն չեզոքություն, այլ Սահմանադրության 30-րդ հոդվածով: Այս հոդվածը 18 տարին լրացած քաղաքացիներին իրավունք է տալիս ընտրել եւ մասնակցել տեղական ինքնակառավարմանը:

Եվ որքան էլ «Ժառանգություն» կուսակցությանից ԿԸՀ-ի անդամ Զոյա Թադեւոսյանն ու ԿԸՀ-ում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Պատվական Հովակիմյանը հայտարարում էին, որ որոշման նախագիծը հակաօրինական է, որոշումը ընդունվեց՝ ձայների 6 կողմ, 2 դեմ հարաբերակցությամբ:

«Կարծում եմ, որ դա ոչ թե հակասահմանադրական է միայն, այլ ուղղակի հանցագործ վերաբերմունք պետության նկատմամբ», - ասաց Զոյա Թադեւոսյանը: - «Ո՞վ կարող է երաշխավորել, որ ամսի 31-ին որեւէ արտակարգ պատահար չի կարող լինել սահմանի վրա»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Զոյա Թադեւոսյանը, նշելով, որ Ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ կետը «զինծառայողներ» ձեւակերպման տակ չի սահմանազատում ժամկետային են նրանք, թե ոչ, ասաց, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում նրանց քվեարկությունն արգելող այս դրույթը առաջին հերթին պետական անվտանգության շահերից էր բխում, ինչը այսօր անտեսվում է:

«Մենք ունենք պետական անվտանգության խնդիր: Մենք իրավունք չունենք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ սահմանամերձ շրջաններից սպաներին տալ արձակուրդ, որպեսզի նրանք գան Երեւան եւ մասնակցեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Եվ ո՞վ է պատասխան տալու այն բոլոր իրավիճակների համար, որ կհաջորդեն նման դեպքերին: Մենք ավելի կարեւորում ենք մեր սահմանների անձեռնմխելիությո՞ւնը, թե՞ Երեւանի ավագանու ընտրությունները», - ասաց Թադեւոսյանը:

Նա կարծում է, որ ԿԸՀ-ի այս որոշումը ամենեւին էլ պատահական չէ: Այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանը կասեցրեց Երեւանում մինչեւ մեկ տարվա հաշվառում չունեցող քաղաքացիների ընտրության իրավունքը, իշխանությունները խնդիր ունեն այս ընտրություններում ձայները ուռճացնելու նորանոր ձեւեր փնտրել. - «Դրա համար բերենք կալանավորներին՝ նրանց խոստումներ տալով… Ես հավատում եմ, որ կալանավորին քաղաքակիրթ ճանապարհով բերելու են ընտրելու եւ քաղաքակիրթ ճանապարհով հետ են տանելու: Նրանցից ինչ-որ մի ստորագրություն են փոկելու, նրան ինչ-որ խոստումներ են տալու: Նույնը զինվորականների առումով. սրանք վերահսկելի անձինք են, որոնք պետական պարտականություններ են կատարում: Այդ թվերը շատ կարեւոր են՝ վաղը հայտարարելու, որ իշխանությունները հաղթեցին»:

«[Այս ամենը արվում է] Միայն կեղծիքների համար, որովհետեւ կեղծիքի ռեսուրսները պակասել են», - եզրափակեց Զոյա Թադեւոսյանը:

ԿԸՀ-ում Հայ ազգային կոնգրեսի լիազոր ներկայացուցիչ Պատվական Հովակիմյանի խոսքով, Սահմանադրության 30-րդ հոդվածի վրա հիմնված այս որոշումը հակասում է նույն Սահմանադրության 43-րդ հոդվածին, ըստ որի՝ մի շարք դրույթներում ամրագրված իրավունքները կարող են սահմանափակվել օրենքով՝ եթե դա անհրաժեշտ է պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման համար եւ մի շարք այլ դեպքերում: Ուստի ընդդիմությունը, նրա խոսքով, մտադիր է ԿԸՀ-ի որոշումը վիճարկել դատարանում:

«Մենք պետք է բողոքարկենք վարչական դատարան: Վարչական դատարանից հետո մենք կդիմենք Սահմանադրական դատարան», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց նա:

Դիտարկմանը, թե քվեարկությանը մի քանի օր է մնացել, Հովակիմյանը արձագանքեց. - «Բնական է, տեխնիկական առումով դժվարություններ կան, բայց դա չի նշանակում, որ մենք չենք բարձրացնելու այդ հարցը»:

ԿԸՀ-ում որոշմանը դեմ քվեարկած երկրորդ անդամը ներկայացնում է Հայ հեղափոխական դաշնակցությունը: Երեւանի ավագանու ընտրություններում Դաշնակցության համամասնական ցուցակը գլխավորող Արծվիկ Մինասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե ոչ ժամկետային բոլոր զինծառայողներին ընտրելու իրավունքից զրկելը ճիշտ չէ, բայց ճիշտ չէ նաեւ քվեարկելու համար հանրապետության այլ շրջաններում զինծառայողներին Երեւան բերելը:

«Ես կարծում եմ, որ այստեղ հստակություն պետք է մտցվեր առ այն, որ խոսքը պետք է գնա այն անձանց մասին, ում աշխատանքային ժամանակն ավարտվում է ժամը 18-ին կամ օրենքով նախատեսված այլ ժամանակամիջոցում: Երկրորդ պայմանը՝ պետք է հաշվառված լինեն Երեւանում: Եվ երրորդ պայմանը՝ ֆիզիկապես նրանք հնարավորություն ունեն մասնակցելու քվեարկությանը եւ ցանկանում են մասնակցել: Այն, որ դրա համար առանձին հրահանգավորում իջեցվի, ըստ որի ամբողջ Հայաստանի տարածքով մեկ ապահովվի նման վարքագծի դրսեւորում, որ անձինք գան Երեւանում մասնակցեն, սա ոչ թե իրավունքի իրացման հնարավորության ընձեռում է, այլ ավելի շատ պարտադրանքի կիրառման մի մեխանիզմ»:

«Երեւանի մասին» օրենքի համահեղինակներից Հրայր Թովմասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ ոչ ժամկետային զինծառայողների քվեարկելու մեջ «որեւէ հակասահմանադրական բան» չի տեսնում: Հակասահմանադրական է, ըստ նրա, հենց Ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածը, որը արգելում է զինծառայողներին ընտրել:

«Հիմքեր այս իրավունքի սահմանափակման ես, ըստ էույթան, չեմ տեսնում: Ես կարծում եմ, որ Ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածը հակասահմանադրական դրույթ է», - ասաց Թովմասյանը:
XS
SM
MD
LG