Մատչելիության հղումներ

Հայաստանի օմբուդսմենը արտահերթ զեկույց հրապարակեց


Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը ներկայացնում է արտահերթ զեկույցը
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը ներկայացնում է արտահերթ զեկույցը
Զեկույցի նպատակն է՝ վերհանել բանակում առկա այն բոլոր խնդիրները, որոնք հաճախ մարդու իրավունքների խախտման պատճառ են հանդիսանում:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե որքանով է պաշտպանված զինծառայողը Հայաստանում, Արմեն Հարությունյանը պատասխանեց. - «Զինծառայողը բանակում պաշտպանված չէ այնքանով, որքանով որ մենք կցանկանայինք, որ նա պաշտպանված իրեն զգար: Դրա համար էլ այս արտահերթ զեկույցն ենք պատրաստել, այլ ոչ թե սպասել են, որ տարեկան զեկույցի մեջ ընդգրկենք: Եթե արտահերթ զեկույց է, արդեն ցույց է տալիս, որ հարցը ակտուալ է, եւ այդ հարցին պետք է շատ շուտ արձագանքել»:

Մարդու իրավունքների պաշտպանը զեկույցն առաջիկայում կներկայացնի թե' պաշտպանության նախարարին, թե' կառավարությանը:

Զեկույցում առանձնակի ուշադրության է արժանացել հրամանատարական կազմի վարքագիծը եւ պատասխանատվության հարցը:

«Մի շարք դեպքերում հրամանատարը իր վարքագծով նպաստում է, որպեսզի կարգապահական տույժի տեսակը զինծառայողի համար վերածվի իրական տառապանքի», - նշված է զեկույցում:

Զորամասերից մեկում, օրինակ, զինվորը պատժվել եւ մեկուսարան է ուղարկվել՝ առանց հաշվի առնելու այն հանգամանքը, որ նա նոր էր հոսպիտալային պայմաններում բուժում ստացել թոքաբորբից:

2008-ի 9 ամիսների ընթացքում ծեծկռտուքի եւ ոչ կանոնադրային հարաբերությունների փաստեր են արձանագրվել. 171 դեպք, որոնցից 38-ը վերաբերել են սպաների կողմից ժամկետային զինծառայողներին ծեծելու դեպքերին: 97 դեպքում զինծառայողներն իրար են ծեծել: Արձանագրվել է 5 դեպք, երբ զինվորները ծեծի են ենթարկել սպաներին կամ ենթասպաներին:

«Հրամանատարը պետք է իրոք անձնական պատասխանատվություն կրի անձնակազմի հետ կապված հարցերում», - ասաց Արմեն Հարությունյանը: - «Շատ կարգապահական հարցեր այստեղ պատժիչ նշանակություն ունեն, եւ դա ճիշտ է այդ դեպքերի համար: Բայց դրանց վրա նույնպես պետք է տարածվեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի երաշխիքների դրույթները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG