Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը նախագահից ակնկալում է «գործնական պատասխան»


Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանը երեքշաբթի օրը նամակով դիմել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին` նրա ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքին, որ 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող Փաստահավաք խմբի աշխատանքները մայիսի 4-ից, ըստ էության, սառեցված են:

«Բանն այն է, որ խմբի ղեկավար Վահե Ստեփանյանը մեկնել է արձակուրդի, ինչը ՀՀ նախագահի 2008 թվականի հոկտեմբերի 23-ի Կարգադրությամբ նախատեսված չէ, իսկ ամբողջ փաստաթղթային բազան պահվում է նրա տնօրինությանը հանձնված չհրկիզվող պահարանում` փակի տակ: Մայիսի 25-ին վերադառնալով արձակուրդից, Ստեփանյանն անսպասելիորեն հայտարարել է իր հրաժարականի մասին», - ասված է նամակում:

«Իր յոթամսյա գործունեության ընթացքում ենթարկվելով տարբեր ճնշումների եւ հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ` Փաստահավաք խումբը, այդուհանդերձ, ՀՀ նախագահի 2008 թվականի հոկտեմբերի 23-ի Կարգադրության համապատասխան դրույթների ոգով մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին է ներկայացրել էական փաստեր, որոնք նաեւ բխում են ԵԽԽՎ 1643 բանաձեւի պահանջներից: Ակնկալում ենք Ձեր կարգադրությամբ ձեւավորված Փաստահավաք խմբի բնականոն գործունեության վերականգնում», - գրել է «Ժառանգության» վարչության նախագահը:

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնեց, որ կուսակցությունը առայժմ նամակի պատասխանը չի ստացել:

Մարտիրոսյանը նախագահից ակնկալում է «գործնական պատասխան, որով Փաստահավաք խմբի գործունեությունը կշարունակվի»:

«Թեեւ բազմաթիվ խոչընդոտներ են եղել, այնուամենայնիվ, Փաստահավաք խմբի ներկայացուցիչները աշխատել են: Հատկապես խոսքը վերաբերում է «Ժառանգության» ներկայացուցչին եւ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցչին. նրանք, այնուամենայնիվ, բավականին ծավալուն աշխատանք իրականացրեցին», - ասաց «ժառանգություն» խմբակցության ղեկավարը:

«Կարծում եմ, որ այսուհետ նախագահը եւս այնպիսի աշխատանքներ կիրականացնի, որ հնարավորություն կընձեռի Փաստահավաք խմբին շարունակելու իր գործունեությունը», - ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG