Մատչելիության հղումներ

Փաստահավաք խմբի ղեկավարը մտադիր է հեռանալ


Նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ անցած աշնանը ստեղծված փորձագետների փաստահավաք խմբի ղեկավար Վահե Ստեփանյանը մտադիր է հեռանալ փաստահավաք խմբից:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երկուշաբթի օրը Ստեփանյանը իր մտադրությունը բացատրեց խմբում ստեղծված իրավիճակով, որը «փոխհարաբերությունների առումով բավականին բարդ է եւ ժամանակի ընթացքում սրվում է»:

«Ես հույս ունեի, որ որոշ ժամանակ եթե չհավաքվենք, դրանից հետո վիճակը կթեթեւանա, բայց հակառակը ստացվեց: Շատ ծանր շփումներ են խմբի ներսում», - հավելեց նա: - «Ինձ համար ես այստեղ հեռանկար այլեւս չեմ տեսնում… Իմ բոլոր մտորումները բերում են նրան, որ ես այնտեղ չեմ կարող երկու կողմին այլեւս հավասարակշռել, ապահովել նրանց համագործակցությունը»:

Երկու կողմ ասելով՝ Վահե Ստեփանյանը (ով Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմի ղեկավարն է) նկատի ունի խմբում ընդդիմության եւ երկրի նախագահի ներկայացուցիչներին:

Փաստահավաք խմբում նախագահ Սերժ Սարգսյանի նշանակած ներկայացուցիչներից Ռոբերտ Ավագյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ամբողջ մեղքը բարդեց ընդդիմության ներկայացուցիչների վրա. - «Վահե Ստեփանյանը կատարում էր հավասարակշռության եւ զսպումների դերակատարությունը: Բայց Վահե Ստեփանյանին հասցրել են այդ վիճակին: Ինձ էլ են հասցրել: Ես իմ կոլեգային էլ են հասցրել»:

Ավագյանի խոսքով, խմբում «ոչ մի հանդուրժողականության մասին խոսք չէր կարող լինել»: Նրա փոխանցմամբ՝ իրավիճակը հատկապես սրվել էր, երբ պատրաստ էր մարտի 1-ին զոհված ոստիկանության սպա Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքների վերաբերյալ փաստաթուղթը, որի տակ ինքը չի ստորագրել. - «Այո, ես չեմ ստորագրել դրա տակ: Իմ կոլեգա Գեւորգ Թովմասյանը չի ստորագրել դրա տակ»:

Փաստահավաք խմբում Հայ ազգային կոնգրեսը ներկայացնող Անդրանիկ Քոչարյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե անկախ նրանից, երկխոսություն կլիներ, թե ոչ, խումբը ստեղծվել էր մեկ նպատակով՝ արձանագրել եւ ուսումնասիրել 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններին վերաբերող բոլոր փաստերը:

«Տանք դրանց գնահատականները եւ, նախագահի կարգադրությանից ելնելով, ուսումնասիրեինք բոլոր այն հանգամանքները, որոնք առաջացրել են մարտի 1-ի դեպքերը եւ բերել են մարդկային զոհերի», - ասաց Քոչարյանը: - «Փաստահավաք խումբը ցանկացած պայմաններում, եթե ստեղծված էր փաստեր հավաքելու համար, պետք է աշխատեր»:

Փաստահավաք խմբի գործունեությունը, հիշեցնենք, ժամանակավորապես (9 աշխատանքային օրով) դադարեցվել էր: Մայիսի 18-ից խումբը պիտի վերադառնար բնականոն աշխատանքի, սակայն, ինչպես այսօր «Ազատություն» ռադիոկայանին վստահեցրեց Քոչարյանը, խումբը ընդամենը մեկ օր է լիարժեքորեն աշխատել. - «Խմբի ղեկավարը ամսի 19-ին գնաց, եւ դրանից հետո մեզ չի հաջողվել հանդիպել պարոն Ստեփանյանի հետ: Մեկ հեռախոսազրույց է տեղի ունեցել, որտեղ նա ասել է, թե պարզապես չի ցանկանում վերադառնալ»:

Քոչարյանի կարծիքով, Ստեփանյանը պարտավոր էր տեղյակ պահել խմբի անդամներին. - «Եթե չէր ցանկանում աշխատել, պետք է կամ հրաժարվեր խմբի ղեկավարի պաշտոնից, կամ պետք է հայտարարեր, որ ինչ-ինչ պատճառներով էլ չի ցանկանում խմբում ներգրավված լինել, ու արդեն խնդիրը կտեղափոխվեր մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների սահմաններում, որտեղ մարդու իրավունքների պաշտպանը պիտի որոշեր, քանի որ ինքն է գործուղել պարոն Ստեփանյանին փաստահավաք խումբ»:

Երկրի նախագահի կարգադրության մեջ որեւէ սահմանում չկա, թե ինչպես պետք է վարվի խումբը նման իրավիճակում:

«Երբ առաջանում է որեւէ իրավիճակ, որը իրավական լուծում չունի, ենթադրվում է, որ պետք է փոփոխություն կատարել», - ասաց Վահե Ստեփանյանը՝ շարունակելով. - «Այստեղ կա երկու խնդիր. առաջինը՝ մեկնաբանել եղած կարգադրությունը, եւ, անհրաժեշտության դեպքում, փորձել փոփոխություն կատարել կարգադրության մեջ»:

Անդրանիկ Քոչարյանը այս կապակցությամբ փոքր-ինչ այլ կարծիք ունի. - «Առաջին հերթին, պետք է խմբի ղեկավարը որոշի իր իրավական կարգավիճակը. Ինքը վերջապես խմբի ղեկավա՞ր է, թե՞ ոչ: Ինքը խմբից դո՞ւրս է եկել, թե՞ ոչ: Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը որեւէ պատասխանատվություն կրո՞ւմ է իր արած այս քայլերի համար»:

Հանրապետության նախագահի կողմից առայժմ որեւէ արձագանք չի եղել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG