Մատչելիության հղումներ

Հայ ազգային կոնգրեսը փաստեր է հրապարակում «նախապատրաստվող ընտրակեղծիքների» մասին


Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչները հինգշաբթի հրապարակել են իրենց ունեցած տեղեկությունները Երեւանի ավագանու ընտրություններում իրականացվող խախտումների եւ, իրենց բնորոշմամբ, նախապատրաստվող ընտրակեղծիքների մասին:

Կոնգրեսը լրագրողներին հանձնեց զինծառայողների ցուցակներ, որտեղ նշված է, թե երբ են զորակոչվել, որտեղ են քվեարկելու եւ ինչ զորամասում են ծառայում:

ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց. - «Հիմա մենք ունենք արդեն փաստաթղթային ապացույցներ, որ բանակը, ի դեմս պաշտպանության նախարարի, արդեն հրահանգներ է ուղարկել համապատասխան կառույցներին, որ ճշտվեն զինծառայողների անունները, նրանց բարեկամների անունները, որոնք պետք է գան ընտրական տեղամասեր եւ քվեարկեն հօգուտ իշխանության թեկնածուների: Ընդ որում, մշակվել է հատուկ օպերացիա, նույնպես փաստաթղթերը կամ հրապարակել ենք, կամ կհրապարակենք, ըստ որի, ապօրինաբար, զինծառայողներին հնարավորություն կտվրի քվեարկության օրը գալ քաղաք, վերցնել անձնագիրը, որը նույնպես ապօրինի գործողություն կլինի, եւ այդ անձնագրով քվեարկել հօգուտ իշխանության ներկայացուցիչների»:

Բացի այդ, ըստ ընդդիմադիրների, հստակեցվում են հանրապետությունից բացակայող քաղաքացիների ցուցակները, որոնց փոխարեն քվեարկելու հնարավորություններ են մշակվում:

Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը, արձագանքելով Հայ ազգային կոնգրեսի հայտարարություններին, թե նախարարի հրամանով զինվորներին ապօրինաբար բերելու են քվեարկության, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց հետեւյալը. - «Հնարավոր է, որ իրենք [ՀԱԿ-ը] իրենց համար ցուցակ են գրել ու տարածում են: Դա չի նշանակում, որ նախարարն է ասել: Նախարարը նույնիսկ այստեղ [Հայաստանում] չէ: Ցուցակներից տեղյակ չեմ, ձեզանից եմ լսում»:
XS
SM
MD
LG