Մատչելիության հղումներ

Երաժիշտները քննարկում են «Եվրատեսիլ»-ը


Կոմպոզիտոր Արամ Սաթյանն ու դաշնակահար, ջազմեն Արմեն Թութունջյանը՝ Չիկոն, երեքշաբթի օրը հրավիրված ասուլիսին հակադիր կարծիքներ հայտնեցին «Եվրատեսիլ» երգի մրցույթի եւ այդ մրցույթում Հայաստանի մասնակցության շուրջ։

Արամ Սաթյանը հրաշալի տպավորություն էր ստացել ե՛ւ կազմակերպչական աշխատանքներից եւ, հատկապես, երգերի կատարողական արվեստից։ Կոմպոզիտորը շեշտեց այն փաստը, որ վերջին տարիների ընթացքում առաջին անգամ «Եվրատեսիլ» մրցույթին ներկա էին համաշխարհային մեծության այնպիսի անուններ, ինչպիսիք են Լլոյդ Վեբերն ու Պատրիսիա Կաասը։ Ինչ վերաբերում է Հայաստանը ներկայացնող երգչուհիներին` Անուշ եւ Ինգա Արշակյան քույրերին, ապա, Արամ Սաթյանի համոզմամբ, նրանք շատ լավ էին պատրաստվել մրցույթին. - «Ինձ թվում է, սա մի կուտակում էր գնում, որտեղ հայերը կարողացան շատ լուրջ ներկայանալ»։

Արամ Սաթյանի ձեւակերպմամբ, այդուհանդերձ, «Եվրատեսիլ»-ում նոր բան է պետք ասել. - «Ասեմ ինչ սխալ ենք արել։ Մենք ուզեցինք մեկ անգամ եւս ապացուցել, որ մենք ավելի արեւելքի ազգ ենք, քան կողքի հանրապետությունները եւ պետությունները։ Արդեն չորրորդ տարին է, որ մենք մասնակցում ենք, եւ այդ արեւելքը արդեն մարդկանց խեղդում է»։

Արմեն Թութունջյանը՝ Չիկոն, ոչ միայն հիացած չէ «Եվրատեսիլի» մոսկովյան մրցույթով, Հայաստանի ներկայացրած երգով, այլեւ համոզված է, որ «Եվրատեսիլ»-ն առհասարակ որպես մրցույթ որեւէ իմաստ չունի եւ առավել քաղաքական, քան երաժշտական մրցույթ։

«Բացարձակ ոչ մի արժեք չի ներկայացնում։ Ամեն երկրում ժողովրդի վզին, ականջներին փաթաթում են ինչ-որ մի վատ երգ, որը ստիպում են այդ ազգը լսի, մտածի, որ իրոք լավ երգ է։ Հայերն էլ, որ սփյուռք չունենային, ո՞ր տեղը պիտի գրավեին՝ 25-ից 26-րդ տեղը...», - հայտարարեց Թութունջյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG