Մատչելիության հղումներ

Լեւոն Տեր-Պետրոսյան. «Մեր ընտրապայքարը պետք չէ կապել իմ անվան հետ»


«Մեր ընտրապայքարը պետք չէ կապել իմ անվան հետ։ Սա անձնավորված պայքար չէ, այսօր մենք հանդես ենք գալիս որպես 18 կուսակցություններից բաղկացած մի հզոր թիմ», - Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրությունների շրջանակներում Շենգավիթ համայնքում ընտրողների հետ երկուշաբթի կայացած հանդիպման ժամանակ հայտարարեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) նախընտրական ցուցակը գլխավորող, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Լեւոն Տեր-Պետրոսյանի գնահատմամբ. - «Պետք է նկատի ունենալ, որ իշխանությունների կողմից նույնպես այս ընտրապայքարը անձնավորված չէ, եւ կարեւոր չէ` ով է իշխանությունների նախընտրած թեկնածուն: Հասկանալի է մեկ բան. գնում է պայքար Հայաստանի լճացումը պահպանելու, թալանը շարունակելու եւ Հայաստանը վերափոխելու միջեւ։ Ուրիշ խնդիր, գաղտնիք այս պայքարի մեջ գոյություն չունի»:

Երեւանի նախկին քաղաքապետ, ՀԱԿ-ի Շենգավիթի նախընտրական շտաբի ղեկավար Սուրեն Աբրահամյանն իր ելույթում շեշտեց. - «Քաղաք սիրելը չի արտահայտվում լոկ ծառ տնկելով, մարտի 8-ին կանանց փողոցներում ծաղիկ բաժանելով, ընտրությունից ընտրություն հեռուստաէկրանի առաջ բարեգործություն անելով կամ ասֆալտ անելով։ Մեր քաղաքին դա չէ պետք, Երեւանն այսօր մի խնդիր ունի. խռոված, արժանապատիվ, թասիբով, մի քիչ լոթի երեւանցուն քաղաքի տեր դարձնելն է»։

ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը անդրադարձավ ընտրությունների հնարավոր հետեւանքներին. «Երեւանում ընդդիմության հաղթանակի դեպքում ստեղծվում է հետաքրքրագույն մի իրավիճակ, անմիջապես իշխանությունները եւ ընդդիմությունը փոխադարձ զսպելու են կամայականությունների, անօրինականությունների հարցում։ Դա անմիջապես բացելու է մրցակցության դաշտը, իսկ ասօրվա ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի հիմնական պատճառը հենց երկրում իշխանությունների կողմից ոչնչացված մրցակցությունն է։ Վերականգնելով նախ քաղաքական, ապա նաեւ տնտեսական մրցակցությունը, մենք անմիջապես թեթեւացնելու ենք այն ծանր վիճակը, որում այսօր հայտնվել է հայ ժողովուրդը»։

Բոլոր ելույթ ունեցողները նշում էին մայիսի 31-ին ընտրողների ակտիվ մասնակցության կարեւորությունը: Նախընտրական հանդիպումը վարող, ՀԱԿ-ի ներկայացուցիչ Արամ Մանուկյանը իր խոսքում նշեց, որ Շենգավիթում կայացած հանդիպումը մինչ այժմ ՀԱԿ-ի անցկացրած բոլոր նախընտրական հանդիպումներից ամենաբազմամարդն էր:

Ոստիկանության պարեկա-պահակային ծառայության պետ Ռոբերտ Մելքոնյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ իր կարծիքով, մասնակիցների թիվը կազմում է մոտ 2 հազար:

Նախընտրական հանդիպումն ավարտվեց բազմամարդ երթով` Գարեգին Նժդեհի հրապարակից մինչեւ նախկին «Բանվորի արձան»:
XS
SM
MD
LG