Մատչելիության հղումներ

Շառլ Ազնավուրը իր հոբելյանը նշում է Հայաստանում եւ Ղարաբաղում


Շառլ Ազնավուրը Թեքեյան մշակութային միությունում, 18 մայիսի, 2009
Շառլ Ազնավուրը Թեքեյան մշակութային միությունում, 18 մայիսի, 2009

Երկուշաբթի երեկոյան Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ֆրանսահայ հանրահայտ երգչուհիներ Աիդա Կառվարենցի, Սեդա Ազնավուրի, Լիզ Սարյանի եւ հայ - ֆրանսիական համատեղ նվագախմբի մասնակցությամբ տեղի կունենա համերգ` «Քեզ համար, Հայաստան» խորագրի ներքո:

Աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրի ծննդյան 85-ամյա հոբելյանի կապակցությամբ, որը լրանում է մայիսի 22-ին, ֆրանսահայ երգիչները 4 համերգ են նախապատրաստել` մայիսի 17-22-ը: Դրանցից առաջինը կայացել է կիրակի օրը` Ղարաբաղում, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, Շառլ Ազնավուրի ներկայությամբ:

Հայ ժողովրդի առջեւ բացառիկ ծառայությունների եւ վաստակի համար Շառլ Ազնավուրը Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի կողմից պարգեւատրվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքանշանով: Ազնավուրը առաջին անգամ էր Ղարաբաղում եւ ասել է, որ միշտ ցանկացել է լինել Արցախում, որը իր համար Հայաստանն է, բայց չի կարողացել գալ: Նա հույս է հայտնել, որ սա իր վերջին այցը չի լինի:

Կիրակի օրը արդեն իր ավագ քրոջ` Աիդա Կառվարենցի, դստեր` Սեդա Ազնավուրի, Լիզ Սարյանի եւ ֆրանսահայ երաժիշտների հետ Ազնավուրը վերադարձել է Երեւան եւ այսօր ներկա կգտնվի օպերային թատրոնում կայանալիք համերգին:

Մինչ այդ` կեսօրին մոտ, Թեքեյան մշակութային միությունում Շառլ Ազնավուրը պարգեւատրվեց միության ադամանդակուռ «Արարատ» շքանշանով:

«Քեզ համար, Հայաստան» համերգաշարի վերջին համերգը կկայանա Ազնավուրի ծննդյան օրը` մայիսի 22-ին, Գյումրիում, որի պատվավոր քաղաքացին է աշխարհահռչակ երգիչը:

Հոբելյանական համերգաշարի նախավերջին համերգն էլ կկայանա մայիսի 20-ին` Երեւանում, Արամ Խաչատրյան համերգասրահում: Այն բարեգործական է, եւ ստացված հասույթը տրամադրվելու է սակավարյունությամբ տառապող երեխաների օգնության հիմնադրամին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG