Մատչելիության հղումներ

Փիթեր Սեմնեբին հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչների հետ


Փիթեր Սեմնեբին հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, 1 մայիսի, 2009
Փիթեր Սեմնեբին հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, 1 մայիսի, 2009

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին անցած շաբաթավերջին Երեւանում հանդիպել է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչների հետ: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ՀԱԿ-ի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը, հանդիպման ժամանակ Սեմնեբին երկու անգամ շեշտել է, որ Հայաստանի իշխանությունների հետ քննարկել է նաեւ երկրի ներքաղաքական իրավիճակը:

Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, նախագահ Սերժ Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ Եվրամիության հատուկ ներկայացուցչի հանդիպումներում առավելապես քննարկվել են արտաքին քաղաքական հարցերն ու Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագիրը:

Այդուհանդերձ, Փիթեր Սեմնեբիին հետաքրքրել էր նաեւ ընդդիմության մայիսի 15-ի հանրահավաքը. նա Մատենադարան էր եկել եւ ներքեւից մի պահ հետեւում էր իրադարձություններին: ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանի, մամուլի խոսնակ Արման Մուսինյանի եւ Վլադիմիր Կարապետյանի հետ հանդիպումը հաջորդել է հանրահավաքին:

«Մենք զրույցի ընթացքում որոշ զուգահեռներ անցկացրեցինք [2008 թվականի] մարտի 1-ին [Երեւանում] տեղի ունեցած զարգացումների, ոստիկանական ուժերի կողմից փաստորեն իրականացված սպանդի եւ Արեւելյան գործընկերության մեջ ներգրավված այլ երկու երկրներում նմանատիպ զարգացումների միջեւ, մասնավորապես` Մոլդովայում եւ Վրաստանում», - պատմեց Կարապետյանը` շարունակելով. - «Մոլդովայում բռնությունը, ի տարբերություն Հայաստանի, իրականացրեցին ցուցարարները, հաջորդ օրը Մոլդովայի նախագահը հայտարարեց համաներում, եւ բոլոր ցուցարարները ազատ արձակվեցին: Վրաստանում, երբ տեղի ունեցավ բախում ցուցարարների եւ ոստիկանության միջեւ, երեք ձերբակալված ցուցարարները հաջորդ օրը անմիջապես ազատ արձակվեցին: Իսկ Հայաստանում սկսվեցին հետապնդումներ ընդդիմության հարյուրավոր ներկայացուցիչների նկատմամբ, եւ մինչ օրս 51-ը գտնվում են բանտերում»:

Սեմնեբին, ըստ ՀԱԿ-ի ներկայացուցչի, «նշեց, որ խոսում էր ներքաղաքական զարգացումների մասին նաեւ հայաստանյան պաշտոնյաների հետ»:

Զրույցի ընթացքում Եվրամիության հատուկ ներկայացուցիչը եւ ընդդիմադիրները խոսել են նաեւ նախընտրական իրավիճակի մասին:

«Ներկայացրեցինք փաթեթ այն խախտումների, որ մինչ օրս գրանցվել են նախընտրական շրջանում, եւ նշեցինք, որ Հայաստանի իշխանությունների` մասնավորապես, ԵԱՀԿ-ի դիտորդներին չհրավիրելու հանգամանքը եւ խախտումները, որ մինչ օրս գրանցվել են, վկայությունն են, որ իշխանությունները կրկին գնում են ընտրությունների կեղծման ճանապարհով», - ասաց Վլադիմիր Կարապետյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG