Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյան. «Սերժ Սարգսյանի այս կտրուկ քայլերը ջղաձգություններ են հիշեցնում»


Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ուրբաթ օրը անցկացրած հանրահավաքի իր ելույթում ՀԱԿ-ի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը քննադատեց իշխանությունների արտաքին քաղաքականությունը` այն որակելով «դիվանագիտական պարտությունների մի անընդհատ շղթա»:

ՀԱԿ-ի առաջնորդը ուշադրություն հրավիրեց Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժություններին չմասնակցելու` Հայաստանի որոշման, ԼՂՀ-ն ղարաբաղյան հակամարտության լիիրավ կողմ ճանաչելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի եւ մայիսի 7-ին Պրահայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Տեր-Պետրոսյանի բնութագրմամբ` «լարված մթնոլորտում անցած» հանդիպման վրա:

«Սերժ Սարգսյանի, այս կտրուկ քայլերը, որոնք ոչ այնքան ճշգրիտ հաշվարկների վրա հիմնված գործողություններ, որքան ջղաձգություններ են հիշեցնում կամ քաղաքական դեմարշի տպավորություն թողնում», - հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, մեկնաբանելով. - «Սարգսյանը իրեն խաբված է զգում երեխայի պես: Նրան ասացին` ցեղասպանությունը տուր, այսինքն` համաձայնիր հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը, եւ մենք կբացենք սահմանը: Ցեղասպանությունը ստացան` բայց սահմանը չբացեցին: Իսկ այժմ ասում են` Ղարաբաղը տուր եւ մենք կբացենք սահմանը»:

Արեւմուտքն անպատասխան չի թողել «Սերժ Սարգսյանի դեմարշը», կարծիք հայտնեց ընդդիմության առաջնորդը: Ըստ նրա, ի պատասխան Հայաստանի «կտրուկ» քայլերին Եւրոխորհրդի խորհրդարանական Վեհաժողովը (ԵԽԽՎ) որոշեց հունիսյան նստաշրջանում քննարկման դնել ժողովրդավարության եւ մարդու իրավունքների բնագավառում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման հարցը, իսկ Միացյալ Նահանգները որոշեց շուրջ 40 տոկոսով կրճատել Հայաստանին հատկացվող ֆինանսական օգնությունը, դադարեցնել Լեռնային Ղարաբաղին հատկացվող հումանիտար օգնությունը, եւ ընդհակառակը` ավելացնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը:

«Քոչարյանա-սերժական վարչախմբի արտաքին քաղաքականությունը դիվանագիտական պարտությունների մի անընդհատ շղթա է ներկայացնում, եւ բոլոր այդ պարտությունները բացատրվում են միայն ու միայն Հայաստանի ներքին կյանքում այդ վարչախմբի վարած բռնատիրական քաղաքականությամբ», - հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը:


Հայաստանի առաջին նախագահի կարծիքով, Արեւմուտքի եւ Թուրքիայի հակազդեցությունը, մտահոգվելու եւ իրավիճակից համապատասխան ելք գտնելու պահանջ է դնում Հայաստանի իշխանությունների եւ ողջ հասարակության առջեւ։ Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ փակուղուց դուրս գալու համար Սերժ Սարգսյանը պետք է «ազատ արձակի քաղբանտարկյալներին եւ երկխոսություն սկսի Հայ ազգային կոնգրեսի ու ընդդիմության մյուս ուժերի հետ», ապահովի Երեւանի ավագանու ընտրությունների օրինականությունը, կամ, խոստովանելով երկրի առջեւ կանգնած խնդիրների հաղթահարման գործում «սեփական ապիկարությունը», հրաժարական տա:

Տեր-Պետրոսյանը նաեւ հայտարարեց, որ փորձ է արվում հայ-թուրքական հարաբերությունների հարցում հավասարության նշան դնել իր եւ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության միջեւ, ինչը նա «անհեթեթություն» որակեց. - «Մի քանի օրից լույս կտեսնի հայ-թուրքական հարաբերություններին նվիրված իմ ելույթների ժողովածուն, եւ դուք հնարավորություն կունենաք համեմատելու ու տեսնելու, թե որքանով են նույնական իմ եւ Սարգսյանի վարած քաղաքականությունները»:

Հանրահավաքի մասնակիցներին անակընկալ մատուցվեց` հնչեցվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի կոչը առաջիկա ընտրությունների վերաբերյալ, որում վերջինս ընտրողներին հորդորեց «ոչ ասել» ընտրակաշառքին եւ ակտիվորեն մասնակցել ընտրություններին:

Ընդդիմության հանրահավաքը ավարտվեց երթով` Երեւանի կենտրոնական փողոցներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG