Մատչելիության հղումներ

Մայիսի 15-ի մամուլ


«Ազգ»-ի մեկնաբանը գրում է. - «Երբ զանազան նախընտրական հանդիպումներում տեսնում ես սեւազգեստ եւ կիսաթրաշ տղաների, ովքեր իրար հետ աչքունքով ինֆորմացիա են փոխանակում, ում ագրեսիվ կեցվածքն անգամ հուշում է նրանց նշանակության մասին նույն տեղում, նույն ժամին, հասկանում ես, որ մեր երկրում ինչ-որ բան այն չէ: Չի կարող մի երկրում ամեն ինչ կարգին լինել, երբ քո սեփական թաղամասում, անկախ նրանից` ո՞ր քաղաքական ուժի հետ է նախընտրական հանդիպում տեղի ունենում, ճանապարհի երկայնքով շարվում են սարսափազդու կեցվածքով երիտասարդներ, թե իբր, էս թաղը մերն է: Սակայն եթե, ինչպես ընդդիմությունն է պնդում, այս` քաղաքային ավագանու ընտրություններն իսկապես քաղաքական լինեին, եւ կամ ինչպես Դավիթ Հարությունյանն է համոզված, որ դրանք քաղաքական են, ապա հազիվ թե «բիլակային» տեխնոլոգիաների կարիք զգացվեր: Եթե քաղաքական լինեին, կողմերը ոչ թե իրար ոչնչացնելու կեցվածք կընդունեին, իրար մեջ հակառակորդ եւ թշնամի կփնտրեին, այլ հանգիստ, առանց պոպուլիստական «մենքունրանքի», ընտրողին կպատմեին, թե ինչպես են Երեւանը դարձնում Սիլիկոնի հովիտ»:

Նույն խնդրին է անդրադարձել «Հայկական ժամանակ»-ը. - «Փորձենք մի այսպիսի հարց ձեւակերպել` ո՞րն է Երեւանի քաղաքապետի ընտրություններում Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների իրականացրած ամենակարեւոր քարոզչական ակցիան: Ոմանք կասեն, որ Հանրապետականի ասֆալտապատումը` բյուջեի փողերով, կամ ԲՀԿ-ի` ավտոբուսներով մարդկանց հանրահավաքների տանելը` բյուջե չվճարած փողերով: Ոչ, իրականում այդ ամենը ընդամենը «ատմազկա» է, իրականում այդ ամենը ոչ մի կապ չունի ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի վարած քաղաքական գծի, նրանց առաջադրած քաղաքական խնդրի հետ: Իրականում հանրապետականների եւ ընդհանրապես` իշխանությունների ամենակարեւոր քարոզչական ակցիան հարձակումներն են թռուցիկ բաժանող ընդդիմադիր երիտասարդների վրա` մայրաքաղաքի կենտրոնում, եւ ընդդիմության համակիր կանանց ծեծի ենթարկելը Ավանում: Տեսեք, թե ինչ է տեղի ունենում` մարդկանց վրա հարձակվում են, նրանց ծեծի ենթարկում, ծեծի ենթարկողների լուսանկարները տպագրվում են թերթերում, եւ ծեծի ենթարկողները ոչ մի պատասխանատվության չեն կանչվում, ընդհակառակը` ծեծվողներին են քարշ տալիս ոստիկանական տեղամասից տեղամաս: Ահա սա է այն հիմնական ուղերձը, որ իշխանությունը հղում է հանրությանը»:

Նույն խնդիրը նաեւ «Երկիր»-ի ուշադրության կենտրոնում է: Թերթը գրում է. - «Առավել քան ակնհայտ է, որ քաղաքական ուժերի` եթերներից հնչող բարձր հումանիստական ու երեւանափրկիչ ծրագրերն ամենեւին չեն համընկնում նույն ուժերի ջանքերով քաղաքում տիրող անպատժելիության, խուժան ռազբորկաների ու կացնահարումների մթնոլորտին: Հղփացած անառակների դեմ անզոր են նաեւ օրինապահները, մեկը լինի` նրանց ազատի այդ մարդակերների ձեռքից: Այդ մեկը, կարծում ենք, երկրի նախագահն է: Վիճակն այնքան է ծայրահեղացել, որ արդեն միայն նրա' անմիջական միջամտությամբ հնարավոր կլինի խուժանի դեմն առնել, քանի դեռ տականքները չեն հասել այն բանին, որ տարակուսեն, թե նախագահն ինչպե՞ս է համարձակվում զսպել իրենց»:

«Կապիտալ»-ին հերթական հարցազրույցն է տվել նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նա ասում է. - «Կարծում եմ՝ Էրդողանի այս վերջին հայտարարությունը նույնիսկ «ամենալավատեսների» մոտ այլեւս կասկածի տեղիք չի թողնում, որ Թուրքիան լավագույնս շահարկեց եւ հօգուտ իրեն օգտագործեց անցյալ տարվա հունիսին Հայաստանի դրսեւորած բարի կամքը: Թուրքիան դեռեւս չի բացել սահմանը, բայց արդեն շահել է բազմաթիվ դիվիդենտներ՝ ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում հայկական դիրքերի զգալի թուլացում եւ Ղարաբաղի հարցում վճռորոշ դերակատարում՝ խնդիրը կապելով հայ - թուրքական սահմանի բացման հետ: Այժմ, երբ մեր թողտվությամբ հայ - թուրքական այս գործընթացը խորացավ մեզ համար ոչ բարենպաստ ուղղությամբ, այն անմիջական ազդեցություն կունենա եւ արդեն ունի ղարաբաղյան գործընթացի վրա: Այսքան աղմուկից հետո բոլոր կողմերը պետք է ձգտեն հասնել սահմանի բացմանը»:

«Չորրորդ իշխանություն»-ը անդրադարձել է 2008 թվականի մարտի 1-ին նախագահականում գործած շտաբի հանելուկին` գրելով. - «Եթե հավատանք մարտի 1-ի իրադարձությունների «պաշտոնական վարկածին», ընդդիմությունը Երեւանում զանգվածային անկարգություններ է կազմակերպել, ոստիկանության հետ բախում է եղել, ավտոմեքենաներ են հրկիզվել, խանութներ են թալանվել, իրավիճակը սկսել է դուրս գալ վերահսկողությունից, մի խոսքով` պետության անվտանգությունն ապահովելու հարց է առաջացել: Նորմալ կլիներ, չէ՞, եթե իշխանությունները հայտարարեին, որ այո, քանի որ իրավիճակն այդպիսին է եղել, նպատակահարմար ենք գտել Ոստիկանության շենքում գործող շտաբից բացի մի օպերատիվ շտաբ էլ նախագահականում ստեղծել, եւ այդ շտաբի աշխատանքներին մասնակից ենք դարձրել հանրապետության բոլոր առանցքային պաշտոնյաներին: Ուրեմն ինչո՞ւ են իշխանությունները կատաղի համառությամբ հերքում նման շտաբի գոյությունը: Հերքում են, որովհետեւ այդ շտաբում ամենեւին էլ «Երեւանում կարգուկանոնը վերականգնելու» հարցերը չեն քննարկվել: Ըստ երեւույթին այնտեղ բոլորովին այլ հարց է քննարկվել` ինչպե՞ս ջարդել սեփական ժողովրդին եւ պահպանել սեփական իշխանությունը: Այսինքն, դա իսկապես հանցախմբի «սխոդկա» է եղել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG