Մատչելիության հղումներ

«Նաիրիտ»-ում տեղի ունեցած աղետից զոհվել է չորս մարդ


Երեւանի «Նաիրիտ» քիմիական գործարանի քլորոպրենի արտադրամասում հինգշաբթի օրը տեղի ունեցած աղետից զոհվել է չորս մարդ։ «Հայտնաբերվեց չորրորդ դիակը, եւ, փաստորեն, որոնողական աշխատանքները սրանով ավարտվեցին, որովհետեւ այդ արտադրամասում վթարի պահին եղել էին չորս հոգի», - այսօր առավոտյան «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրենի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը:

«Ամբողջ գիշեր դեպքի վայրում հերթապահում էին «Նաիրիտ»-ի հրշեջներն ու մեր 8-րդ հրշեջ մասի, ինչպես նաեւ Արագ արձագանքման փրկարար ջոկատի մարտիկները: Կրակը հանգցված է, բոլոր հետեւանքները վերացված են, հայտնաբերված են բոլոր զոհվածները», - ասաց Գրիգորյանը:

Նրա վկայությամբ` հիվանդանոց դիմած բոլոր տուժածները դուրս են գրվել հիվանդանոցներից. - «Այսօր առավոտյան մեր ճգնաժամային կառավարման կենտրոնի հերթապահը զեկուցեց, որ բոլոր տուժածներն էլ դուրս են գրվել հիվանդանոցներից: Փաստորեն, այսօր մենք հիվանդանոցներում տուժածներ չունենք: Ութ հոգին, ովքեր տարբեր հիվանդանոցներ էին դիմել, եւ երկու հոգին, որոնք «Էրեբունի» բժշկական կենտրոնում էին, նրանք նույնպես դուրս են գրվել: Մեր հրշեջ փրկարարները, ովքեր թունավորումներ էին ստացել եւ ծխից տուժել էին, նաեւ` թեթեւ այրվածքներ, բոլորի վիճակն էլ շատ լավ է, եւ նրանք օգնություն ստանալուց հետո վերադարձել էին իրենց աշխատանքին: Այսինքն, այսօր մենք հրշեջ փրկարարներից տուժածներ չունենք»:

Էկոլոգիական վիճակին վերաբերող հարցին Նիկոլայ Գրիգորյանը արձագանքեց. - «Արտանետված նյութերի բաղադրության եւ այլնի մասին կներկայացնեն մասնագետները»:

«Նաիրիտ» գործարանի 1.12Բ քլորոպրենի արտադրամասում հինգշաբթի օրը երկու պայթյուն է տեղի ունեցե`լ ժամը 18:00-ի եւ ժամը 20:25-ի սահմաններում:

Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել:

«Նաիրիտ» փակ բաժնետիրական ընկերության մամուլի ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանը ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վերահաստատեց, որ երեկ գործարանի քլորոպրենի արտադրամասում տեղի ունեցած պայթյունից առաջացած հրդեհի պատճառով զոհվել է «Նաիրիտ»-ի չորս աշխատակից, տուժածները եւ վիրավորները ութն են, նրանցից չորսը` հրշեջ ծառայության աշխատակիցներ:

«Ընկերությունը դեռ երեկ գիշերը ձեւավորել է մասնագիտական հանձնաժողով, որը աշխատանքներ է տանում վթարի պատճառները պարզելու, դրա հետեւանքներն ուսումնասիրելու եւ հաղթահարելու համար», - ասաց Անուշ Հարությունյանը` վստահեցնելով. - «Վթարը լուրջ բնապահպանական խնդիրներ չի առաջացրել, վտանգավոր արտանետումներ չկան, խուճապի կարիք, խնդիր չկա»:

Նրա փոխանցմամբ` գործարանի մնացած տեխնոլոգիական գծերը աշխատում են, արտադրական գործընթացը շարունակվում է. - «Իսկ աշխատանքային ռեժիմի մասին մի քիչ ավելի ուշ երեւի կտեղեկացնենք, որ այն այլեւս արտակարգ չէ»:

Առայժմ, ըստ Անուշ Հարությունյանի, ընկերության աշխատակիցների տեղաշարժը գործարանի տարածքում սահմանափակ է:

«Նաիրիտ»-ի տնօրինության խնդիրը այս պահին զոհերի եւ տուժածների ընտանիքներին հնարավոր օգնություն եւ աջակցություն ցույց տալն է, կազմակերպելն է», - ասաց Հարությունյանը:

Ընկերության մամուլի ծառայության ղեկավարը փոխանցեց, որ դեռ տեղեկություններ չունեն տեղի ունեցածի պատճառների մասին:

Ինչ վերաբերում է պայթյունի պահին քլորոպրենի արտադրամասում եղած աշխատակիցների թվին, ապա հինգշաբթի օրը պաշտոնական տեղեկատվություն տարածվեց, որ նրանք չորսն են եղել: Այլ լուրեր կային, որ աշխատակիցներն ավելի շատ են եղել, սակայն, ըստ Անուշ Հարությունյանի, «այդ տեղամասում պայթյունի պահին աշխատել է յոթ աշխատակից, աշխատակիցներից չորսը, ցավոք, զոհվել են, երեքը վիրավորվել են, մեկը այլ արտադրամասի աշխատակից է. պայթյունից առաջացած ալիքից երբ կոտրվել են ապակիները, ապակիներից մեկը ընկել է նրա ձեռքին եւ ջլերը կտրել»:

Կարծիք կա, որ «Նաիրիտ»-ի որոշ արտադրամասերում խողովակները հնամաշ են եւ շահագործման համար ոչ պիտանի. հնարավո՞ր է, որ դա լինի պայթյունի պատճառը, - այս հարցին Անուշ Հարությունյանը արձագանքեց. - «Այս պահին ոչինչ պնդել չեմ կարող, բայց եթե այդ տեխնոլոգիաները այնպիսի վիճակում էին, որ չէր կարելի գործարկել, այդքան հին էին ու ժանգոտած` իհարկե, մերոնք չէին գործարկի: Բայց ամեն ինչ հնարավոր է. Այս պահին ես այդպիսի պնդում անել կամ ժխտել չեմ կարող»:

Պայթյուն «Նաիրիտ» քիմիական գործարանում

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG