Մատչելիության հղումներ

Հայաստանի իշխանությունները քննադատում են Էրդողանի հայտարարությունները


Հայաստանի իշխանությունները քննադատել են չորեքշաբթի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի` Բաքվում հնչեցրած հայտարարությունները` հայ-թուրքական հարաբերությունները ղարաբաղյան հակամարտության լուծմամբ պայմանավորելու մասին:

Նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, հինգշաբթի անդրադառնալով Թուրքիայի վարչապետի հայտարարությանը, նախագահ Սերժ Սարգսյանը ասել է. - «Եթե Թուրքիան ցանկանում է օգնել հակամարտության խաղաղ կարգավորմանը, ապա դրա ամենաճիշտ ձեւը կլինի այդ գործընթացին ընդհանրապես չխառնվելը»:

Ավելի վաղ, նույնատիպ բովանդակությամբ հայտարարությամբ հանդես էր եկել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով մասնավորապես ասել էր, որ Ղարաբաղյան կարգավորման գործընթացին միջամտելու` Թուրքիայի փորձերը կարող են այդ գործընթացին վնաս հասցնել:

Էրդողանը Բաքվում հայտարարել էր, թե Թուրքիան չի բացելու Հայաստանի հետ սահմանը, քանի դեռ Հայաստանը դուրս չի բերել իր զորքերը Լեռնային Ղարաբաղից:

Մայիսի 8-ին Պրահայում Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հետ ունեցած հանդիպումից հետո նախագահ Սերժ Սարգսյանը հավաստիացրել էր, որ հայ - թուրքական հարաբերությունների բարելավման ճանապարհին նախապայմանները «բացառված են» եւ ասել էր, որ պայմանավորվածություն է ձերք բերվել հարգել ապրիլի 22-ին կնքված հայ – թուրքական համաձայնագրի կետերը «ճանապարհային քարտեզի» շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG